Սփյուռքում կա զանգված, որը պահանջում է վարչապետի հրաժարականը, չի ուզում համագործակցել, բայց դա մի խումբ է. Զարեհ Սինանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇատ կարճ ժամանակ է դեռ անցել, որպեսզի մենք կարողանանք օբյեկտիվ տեղեկություն ստանալ արտագաղթի մասին։Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե Հայաստանից սկսվել է արտագաղթ։
«Արտագաղթ նշանակում է մարդիկ, ովքեր հեռացել են Հայաստանից՝ դրսում բնակվելու նպատակով, իսկ նման տեղեկությոն մենք չունենք։ Մենք միանշանակ գիտենք, որ ինչ-որ թվով մարդիկ Հայաստանից գնացել են, թե դրանցից քանի՞սն են արտագանա աշխատանքի մեկնել, քանի՞սն են գործուղման գնացել, քանի՞սն են արձակուրդի գնացել, նման տեղեկություն չկա»։
Օբյեկտիվ եզրակացություններ անելու համար, ըստ Սինանյանի, որոշակի ժամանակ է պետք․
«Կան տեսություններ, որ շատ մարդիկ, ովքեր չեն կարողացել արտագնա աշխատանքի մեկնել, դա կանեն, հետևաբար՝ ինչ-որ կոնկրետ թվով մարդիկ կգնան Հայաստանից, կանխատեսումներ կան նաև, որ ինչ-որ քանակությամբ մադիկ Հայաստանից կարտագաղթեն, կան նաև ներգաղթի կանխատեսումներ։ Մինչ սեպտեմբերի 27-ը մենք կենտրոնացել էինք ներգաղթի վրա, և դրա լուրջ գործընթաց էր սկսվել, օրինակ, Լիբանանից, բայց հիմա էլ, որքան էլ, զարմանալի է, ներգաղթի հոսք կա, խոսքը գնում է մասնագետների մասին, ովքեր հենց այս պատմական պահին ցանկանում են գալ և հաստատվել Հայաստանում»։
Հարցին, թե ինչպիսի՞ տրամադրություններ են սփյուռքում, արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական լարվածությունը արտահայտվում է նաև Սփյուռքում, Սինանյանն արձագանքեց․
«Իհարկե, սփյուռքում կա ինչ-որ մի զանգված, որը և՛ պահանջում է վարչապետի հրաժարականը, և՛ չի ուզում համագործակցել պետության հետ, բայց դա մի խումբ է, փոքրամասնություն է, իհարկե, մեզ համար բոլոր հայերը կարևոր են, բոլորի հետ շարունակելու ենք աշխատել, մենք չենք կարող որևէ հայ կորցնել»։
Սինանյանի խոսքով՝ Սփյուռքում այս պահին անկումային տրամադրություններն ավելի քիչ են, քան, օրինակ, նոյեմբեր ամսին, բայց բոլորին կոչ է անում աշխատել և չտրվել անկումային տրամադրություններին։