«Սյունիքում կրակոցներ են հնչել, ու ըստ ամենայնի՝ ադրբեջանական կողմից․ ինչի՞ արդյունք է դա» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քիչ առաջ ահազանգ ստացա, խոսքը Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող համայնքների մասին է, որտեղ մարդիկ լսել են անկանոն կրակոցների ձայներ, ըստ ամենայնի ադրբեջանական կողմից»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով Պաշտպանության նախարարին և հետաքրքրվելով՝ ի՞նչ տեղեկատվություն ունի նախարարը․
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ի պատասխան ասաց՝ ահազանգի մասին տեղյակ չէ, կճշտենք, կպատասխանենք․
«Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա Պաշտպանության նախարարությունն ամեն օր ներկայացնում է շփման գծում և Ղարաբաղում իրավիճակը։ Դեկտեմբեր ամսից մինչ այսօր մենք չունենք որևէ սպանություն շփման գծում, մեկ վիրավոր ունենք Շուշիում։ Այս ընթացքում որևէ միջադեպ, որը ֆիքսվել է մեր կողմից, չկա։ Զինադադարի խախտում եղել է, օրինակ՝ օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին։ Օդ են կրակում, և բոլոր այդ դեպքերը մենք ֆիքսում ենք, գրանցում ենք, եթե Ղարաբաղի հատվածում է, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին։ Իրենք քննություն են իրականացնում, հետո ներկայացնում են»։
Պաշտպանության նախարարը հայտնեց՝ հանդիպել է խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրատովի հետ և քննարկել նաև հնչող կրակոցների հարցը․
«Այդ հարցը իրեն դրել եմ, որ կան դեպքեր, որոնք ոչ ուղղված են մեր դիրքերի, զինվորների կամ բնակիչների դեմ, բայց կան, ո՞նց ենք վարվելու։ Ինքը նույն հարցը դրել է Ալիևի առջև, թե ոնց ենք դա գրանցում։ Եվ մոտեցումը ձևավորված է հիմա։ Այնպես որ, խնդիրը հետևյալն է՝ կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում ենք խաղաղապահներին»,- ասաց Պաշտպանության նախարարը։