Շուշիում վիրավորված սամբիստին կտեղափոխեն Հունաստան
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջ երեք ամիս կոմայի մեջ գտնվող սամբիստ Սերգեյ Կարապետյանը կտեղափոխվի Հունաստան։ Սամբոյի 2018 թ Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթողը վիրավորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 3-ին, Սղնախ գյուղում, Շուշիի պաշտպանության համար մարտերի ընթացքում:
Սերգեյի ծնողներին դեռևս անցած տարվա դեկտեմբերին բժիշկները հայտնել էին, որ տղային բուժելու համար անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր: Սակայն երեք ամիս շարունակ, տարբեր պատճառներով, չէր ստացվում լուծել այդ հարցը։
Այսօր վերջապես Կարապետյաններին պատկան մարմիններից տեղեկացրել են, որ իրենց որդու տեղափոխության հարցը լուծված է։
«Անկեղծ ասաց, մեզ այնքան են մերժել տարբեր ատյաններում, այնքան են սպասեցրել, որ մինչև հիմա չենք հավատում այդ լուրին», - «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Սերգեյ Կարապետյանի հայրը՝ Արսեն Կարապետյանը:
Ըստ նրա՝ Սերգեյին Հունաստան տեղափոխելու համար անհրաժեշտ ամբողջ գումարը կարողացել են հայթայթել։ Վաղը պետք է ավիաընկերության գումարը վճարեն՝ 17000 եվրո․ «Հատուկ ինքնաթիռը, հավանաբար, Երևան կժամանի մարտի 15-ին։ Հուսով եմ, որ այս անգամ ոչ մի խոչընդոտ չի լինի։ Հունաստանի դեսպանությունից հայտնել են, որ կարող ենք ստանալ մեր վիզաները։ Բժիշկները որդուս պետք է տեղափոխեն Սալոնիկի հիվանդանոց։ Մեզ համար ամեն օրը կարևոր է: Որդուս շտապ վիրահատություն է անհրաժեշտ»։
Սերգեյը զբաղվել է մարտական սամբոյով։ Պատերազմի առաջին օրը Հայաստանի առաջնությունում գրավել էր 2-րդ տեղը, որից անմիջապես հետո մեկնել էր ռազմաճակատ։ Շուշիի պաշտպանության ժամանակ գանգուղեղային ծանր վիրավորում ստանալուց՝ նոյեմբերի 3-ից նա վերակենդանացման բաժանմունքում է, հոր բառերով, անշարժ, աչքերը բաց վիճակում։
Բայց հայրը՝ Արսենը, հավատում որդու ուժերին․
«Նա բավականին ամուր է ֆիզիկապես։ Հուսանք, դա կօգնի նրան այդ վիճակից դուրս գալու համար»։