Բացել լրահոսը Փակել լրահոսը
48db21de6e6d8f8381
A A
Պաշտոնական

Մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար

 Այսօր «Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար: 

 Օգնության այս նոր խմբաքանակը ևս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ճգնաժամային աջակցության կենտրոնի» աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետև ցամաքային ճանապարհով փոխադրվել Երևան: Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Օգնության այս խմբաքանակը ներառում է բժշկական պարագաներ, մասնավորապես՝ ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, ինչպես նաև հագուստ և հիգիենայի պարագաներ: 

 Ընդհանուր առմամբ, իր հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր»  հիմնադրամի և վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով Ֆրանիսայում և Շվեյցարիայում գտնվող 19  ընդունման կետերում հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն: Այս աննախադեպ մոբիլիզացիան հնարավոր է դարձել ավելի քան 50 կազմակերպությունների և 100 նվիրատուների միասնության,  համերաշխության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հավաքագրված բեռի առաջին խմբաքանակը՝ 70 տոննա, Հայաստան էր ուղարկվել նոյեմբերից հունվարի ամիսներին՝ հատուկ չվերթներով: 

 «Ազնավուր» հիմնադրամը համակարգում է բեռի նախնական պահեստավորումը և հետագա բաշխումը Հայաստանում: Նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսներին ուղարկված օգնության մի մասն ուղղակիորեն փոխանցվել է Հայաստանում բեռի վերջնական հասցեատեր կազմակերպություններին, մյուս մասն «Ազնավուր» հիմնադրամի կողմից բաժանվել է տուժած բնակչությանը: Մինչև օրս (2021 թ. մարտի 18)  

Հայաստանի և Արցախի տարբեր մարզերում ապաստանած արցախցի ընտանիքների հետ աշխատող ավելի քան 20 տեղական կազմակերպությունների և մասնավոր նախաձեռնությունների միջոցով Հիմնադրամը 15.663 փախստականի ապահովել է առաջին անհրաժեշտության իրերով (հագուստ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ):

————————————————————————————————————————— 

Պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնացրել էր իր բոլոր ռեսուրսներն ու կարողությունները՝ հազարավոր ընտանիքների նպատակային օգնություն ցուցաբերելու համար: Հիմնադրամն արդեն հասցրել է Արցախում և Հայաստանում գտնվող` պատերազմից տուժած բնակչությանը տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ՝ սնունդ, հագուստ,  

հիգիենայի միջոցներ։ Մեծ կարևորություն է տրվել նաև առողջապահության համակարգին թիրախային աջակցություն տրամարդելուն. մասնավորապես՝ 35  հիվանդանոցներ ստացել են բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 200+ վերականգնողական պարագաներ (անվասայլակներ, քայլակներ, հենակներ), 200+ բժշկական մահճակալ, 135.000  պաշտպանիչ դիմակ (K95), ինչպես նաև առաջին բժշկական օգնության 1000  փաթեթ՝ քաղաքացիական անվտանգության ապահովման համար: