Անգլիայի 19-րդ, Գերմանիայի՝ 17-րդ անընդմեջ հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացան ընտրական մրցաշարի 1-ին տուրի մնացած հանդիպումները: Այս անգամ բոլոր ֆավորիտները հաղթանակ տարան, բացի Իսպանիայի ընտրանուց:
Իսպանացիները սեփական դաշտում ընդունել էին Հունաստանին, որը վերջին տարիներին անչափ թույլ է հանդես գալիս ընտրական փուլերում: Տանտերերը չնայած ունեին տարածքային և խաղային բացահայտ առավելություն՝ 77 տոկոս, սակայն այդպես էլ չկարողացան այն վերածել նյութական առավելության և ստիպված բավարարվեցին ոչ-ոքիով՝ 1:1:
Աշխարհի նախկին չեմպիոն Գերմանիայի ընտրանին իր հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց Իսլանդիային, տոնելով 17-րդ անընդմեջ հաղթանակը ընտրական մրցաշարում: Նույն խմբում հանդես եկող Ռումինիայի ազգային թիմը սեփական դաշտում մեծ դժվարությամբ կոտրեց Հս. Մակեդոնիային դիմադրությունը՝ 3:2:
Անգլիայի ընտրանին ընտրական մրցաշարեում իր հարկի տակ տարավ 19-րդ անընդմեջ հաղթանակը՝ 5:0 հաշվով ջախջախելով գաճաճ Սան Մարինոյին: Անգլիացիների հիմնական մրցակիցները՝ Հունգարիայի և Լեհաստանի հավաքականները միմյանց հետ խաղում մարտական ոչ-ոքի արեցին՝ 3:3:
Վստահ հաղթանակով սկսեց ընտրական փուլը Իտալիայի հավաքականը, որը բաց էր թողել աշխարհի 2018թ առաջնության եզրափակիչ մրցաշարը: Իտալացիները սեփական դաշտում երկու անպատասխան գոլ խփեցին Հյուսիսային Իռլանդիային: Իտալիան 1934 թվականից սկսած արդեն 56 խաղ շարունակ չի պարտվում իր հարկի տակ, երբ անցկացնում է աշխարհի առաջնության ընտրական խաղ: Նույն խմբում հանդես եկող Շվեյցարիայի ընտրանին հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի ազգային թիմին:
Ընտրական փուլը հաղթանակով սկսեցին նաև Դանիայի, Ալբանիայի, Հայաստանի և Շվեդիայի հավաքականները, որոնք առավելության հասան համապատասխանաբար Իսրայելի, Անդորայի, Լիխտեյնշտեյնի և Վրաստանի նկատմամբ:
2-րդ տուրի խաղերը կկայանանմարտի 27-ին և 28-ին: Հայաստանի հավաքականը ամսի 28-ին իր հարկի տակ կընդունի Իսլանդիայի ազգային թիմին: