Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը փոխադարձ պասերով աշխատում են»․ Արա Պապյան (տեսանյութ)

Քաղաքագետ Արա Պապյանն ասում է՝ Իլհամ Ալիևը, հրաժարվելով վերադարձնել հայ գերիներին, փորձում է առավելագույնը կորզել Հայաստանից։ Նրա խոսքով՝ Ալիևի պատկերացմամբ ՝գերիների պատճառով Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա ճնշումը կմեծանա, և նա ավելի զիջող կդառնա։ Իսկ Ադրբեջանին անհրաժեշտ է, որ Մեղրիով և Սեփանակերտ-Գորիսով միջանցք ստանա։

Քաղաքագետը գտնում է, որ Հայաստանի ղեկավարները պետք է գերիների հարցով դիմեն տարբեր երկրներին ու միջազգային տարբեր կառույցներին։ Նա շեշտում է, որ Ռուսաստանի Դուման գերիների վերադարձի մասին հայտարարություն չի արել, նույնը նաև միջազգային Amnesty international կազմակերպությունը, որն ուղղակի կապ ունի մարդու իրավունքների հետ։ Ա․Պապյանը պնդում է, որ Հայաստանը պետք է դիմի տարբեր երկրներին ու միջազգային կազմակերպություններին դրա համար ու հետևողական աշխատանք տանի։

«Մի բան ակնհայտ է՝ քանի դեռ միջազգային ուժեղ ճնշում չի եղել Ալիևի վրա, երբ նա վախենա իր վարկանիշի թուլացումից, գերիներին բաց չի թողնի»,- ասում է նա։

Ա․Պապյանը նաև գտնում է, որ գերիների հարցը լծակ է ոչ միայն Հայաստանի, այլ ՌԴ-ի դեմ։ Եվ այդ լծակով Ադրբեջանը վարկաբեկում է նաև ՌԴ-ին, քանի որ այդ երկիրն է նոյեմբերի 11-ի հրադադարի հայտարարության երաշխավորը։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ասում է՝ գործող իշխանություններն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «փոխադարձ պասերով են աշխատում»։

Ասում է՝ իշխանությունները Ռ․Քոչարյանի՝ իշխանության գալու սպառնալիքով պարտադրում են ժողովրդին ընտրություն կատարել Փաշինյանի ու նրա միջև։

«Այդպիսով Քոչարյանին տալիս են երկրորդ խաղացողի դերը, առաջինը Փաշինյանն է։ Եվ ժողովուրդը քվեն կտա Փաշինյանին, որովհետև ոչ թե հիացած է նրա քաղաքականությամբ, այլ որպեսզի նախկինները չգան։ Նիկոլ Փաշինյանն այսօր իշխանության է Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ»,- հավելում է Ա․Պապյանը։

 

Մանրամասները՝   տեսանյութում