Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը․ Ադամ Շիֆը բաց նամակ է հղել Բայդենին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակ: Շիֆը նշել է, որ ընդամենը մի քանի օրից կլրանա Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների համակարգային սպանության և տեղահանման 106-րդ տարելիցը: «Դա կլինի ձեր նախագահության առաջին ապրիլի 24-ը, և ձեր առաջին հնարավորությունը` հետևելու ցեղասպանությունը ճանաչելու ձեր խոստմանը»,- գրել է Ադամ Շիֆը: Կոնգրեսմենը նաև հարյուր հազարավոր ամերիկահայերի, ցեղասպանություն վերապրած երեխաների ու թոռների ու ծոռների անունից խնդրել է «պահել խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Ցեղասպանության մասին փաստերը գրանցվել են իրական ժամանակում ամերիկացի դիվանագետների կողմից, որոնք նշում էին, որ դա մարդկության պատմության մեջ նախադեպը չունի: Շիֆը նշել է, որ Բայդենը շատ լավ գիտի այս փաստերը և խոսել է դրանց մասին նաև, որպես նախագահի թեկնածու: «Որպես նախագահ՝ այժմ Դուք ունեք իշխանություն՝ ուղղելու տասնամյակների սխալները և դրանով իսկ իմաստավորել ձեր նախորդ հայտարարությունը, երբ Դուք ընդունեցիք ցեղասպանությունը և ասացիք, որ «լռությունը մեղսակցություն է»,- գրել է Շիֆը: