Մեր հիմնից պետք է հանենք զոհվել բառը, երկրի համար պետք է ապրել. Էդուարդ Թոփչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ինչպես ամեն տարի այս տարի ևս ապրիլի 24-ի խորհուրդը կնշի Ռեքվիեմի կատարմամբ: Այս անգամ կհնչի Վերդիի գլուխգործոցը:
«Կարծում եմ, մարդկությունն այս ստեղծագործությունից առավել բան չի ստեղծել»,- ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նա ներկայացրեց նաև մենակատարների կազմը, ընդգծելով, որ բոլորն էլ հիասքանչ մեներգիչներ են:
«Ռուզան Մանթաշյանն իր փառահեղ ձայնով, Օլեսյա Պետրովան՝ մեծագույն երգչուհի է, հրաշալի բաս Եվգենի Ստավինսկին, ինչ վերաբերում է Լիպարիտ Ավետիսյանին, ապա, ըստ իս Վերդիի «Ռեքվիեմը» պատմության մեջ բոլորից լավ է երգում: Ինչ վերաբերում է կապելային, ապա համագործակցությունը այս հրաշք կոլեկտիվի հետ մշտական է և շնորհակալ եմ մաեստրո Չեքիջյանին, որ միշտ մեր կողքին է, որից շահում է հանդիսատեսը»:
Թոփչյանը խոսեց նաև ապրիլի 24-ի օրվա խորհրդի մասին, ասելով, որ ամեն հայ երեխա ծնվում է Հայոց ցեղասպանության ցավը սրտում, որ չենք դադարում ցեղասպանվել, պակասել և կորցնել:
«Այլևս ոչ մի հայ չպետք է զոհվի պատերազմներում: Մենք սպառել ենք մեր լիմիտը: Մենք այլևս պետք է ապրենք և մեր հիմնից էլ պետք է հանենք զոհվել բառը: Երկրի համար պետք է ապրել»:
Վերդիի «Ռեքվիեմ»-ը կկատարվի ապրիլի 23-ին, ժամը 22:30-ին, Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրում, որը ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով և ապրիլի 25-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: