Իշխանական նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ»-ի ցուցակում 6-րդն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թե՛ ցուցակը, որը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե՛ մեր իշխանության գալու պարագայում գործադիր մարմինների կազմը, որը ներկայացնելու ենք, չափազանց մրցունակ է, և իրապես կազմված է Հայաստանի կադրային դարբնոցի ներկայացուցիչներից»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական Ընտրական հանձնաժողով բերած Սոս Հակոբյանը։
Հակոբյանը վստահեցրեց՝ ցուցակը շատ ներկայացուցչական է, ընդգրկված են թե՛ երիտասարդ գործիչներ, թե՛ պետական կառավարման մեծ փորձ ունեցող, հարուստ գիտելիքներով անձինք։
Սոս Հակոբյանն ընթերցեց ցուցակի առաջին տասնյակը, որը գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նրան հաջորդում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ գործիչներ։
Ցուցակի 6-րդ համարը իշխանական նախկին, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է։
ՀՀԿ-ական երիտասարդ գործիչ, ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Աննա Մկրտչյանն էլ ավելացրեց, ցուցակում ընդգրկված են և՛ մարզերի, և՛ Երևանի բնակիչներ, այն կազմելիս առաջնորդվել են «Եվ էներգիա, և ուժ, և գիտելիք, և փորձ» բանաձևով։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական հայտնի գործիչներ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի ցուցակում ընդգրկված չլինելուն, Մկրտչյանն ասաց՝ չեն ընդգրկվել իրենց իսկ ցանկությամբ, սակայն ակտիվորեն ներգրավված են «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի աշխատանքներում։