9 հարկանի շենքը խանգարելու է մեր լույսին. Արաբկիր 51 փողոցի բնակիչները պատրաստվում են դատարան դիմել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրաբկիր 51 փողոցում Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ պատրաստվում են 9 հարկանի նոր բազմաբնակարան շենք կառուցել, ինչն անհագստացրել է հարակից սեփական տների բնակիչներին։
Վերջիններս «Ա1+»-ի հետ զրույցում նշում են՝ նախկին կաթսայատան փոխարեն կառուցվող նոր շենքը մի շարք անհարմարություններ է ստեղծելու իրենց համար։
Բնակիչների փոխանցմամբ՝ կաթսայատունը 2015 թվականին սեփականաշնորհվել է, որից հետո մի քանի անգամ քաղաքապետարանից իրենց վստահերցրել են, թե բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն չկա, մինչդեռ, օրերս սեփականատերը շինթույլտվության թղթով եկել է և սկսել աշխատանքները։
Բնակիչներից մեկը՝ Աստղիկ Պետրոսյանը, ով ապրում է կաթսայատան հարևանությամբ, պնդում է՝ կառուցվող շենքը խանգարելու է իր տան լուսավորությանը, պատուհանը, որը նայում է դեպի շենքի կողմ ամբողջությամբ փակվելու է։
Բացի այդ, ըստ շենքի նախագծի, կառուցվելու է նաև ստորգետնյա կայանատեղի, ինչը ևս անհանգստացրել է հարևանությամբ ապրող բնակիչներին․
«Եթե 3 մետր ստորգետնյա կայանատեղի փորվի, մի 2-3 մետր էլ հիմք պետք է իջնի, որ կարողանան 9 հարկանի շենք սարքել, պատկերացրեք՝ այստեղ ինչ կլինի մեր տան հետ, սեփականատերը ասում է՝ ես փոխհատուցում կտամ, եթե տունը վնասվի, ես էլ ասում եմ՝ ես համաձայնություն չեմ տալիս, որ դու էլ փոխհատուցում տաս»,-նշում է տիկին Աստղիկը։
Բնակիչներին անհանգստացնում է նաև այն, որ շինարարության ընթացքում տարածքում աշխատելու է տեխնիկա, ինչը խանգարելու է իրենց ազատ ելք ու մուտքին, իսկ շենքի կառուցումից հետո, պնդում են, նեղ փողոցում տեղաշարժվելու, մեքենա կայանելու հնարավորություն չի լինի․
«Երկու օր է վիճում ենք, ինչքան կարելի է, երեք տարի շինարարություն է գնալու, դիմել ենք քաղաքապետարան, որ այս հարցին լուծում տան, ասել են՝ դիմեք դատարան, մենք պատրաստվում ենք դիմել դատարան»,-ասում է տիկին Աստղիկը։
Շենքի մյուս կողմի սեփական տան բնակչուհին պնդում է՝ իր ամուսնուն խաբել են և ստացել համաձայնություն․
«9 հարկանի շենքը խանգարելու է մեր լույսին, խոհանոցի պատուհանին, որտեղից մեր տուն լույս է ընկնում։ Ամուսնուցս ատորագրություն վերցրեց, որ պետք է կառուցեն օֆիս և կայանատեղի, բայց փաստորեն բանից դուրս եկավ, որ ուզում են 9 հարկանի շենք կառուցել»,-նշում բնակչուհին և պնդում ՝ ստորագրված թուղթը հետ են ուզել, իրենց չեն վերադարձրել, մինչդեռ, այսօր այդ ստորագրությունը կցված է շինթույլտվության փաստաթղթերին։