Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարսափելի կրկնություն (տեսանյութ)

Մշակույթ
0d13918aa2a12bd63a3068d0119f8fb1

Երեկ «Հայֆեստի» շրջանակներում Համազգային թատրոնի բեմում երաժշտական ներկայացման պրեմիերա էր` գերմանացի դրամատուրգ Բերթոլթ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերան»` ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ:

Ամբոխը սպասում է Անգլիայի թագուհու թագադրությանը: Գլխավոր ինտրիգը խաբեբայի ու մարդասպանի միջև է, և կնքվում է երկու տականքների դաշինքը:

Գողեր ու մարդասպաններ, մուրացկաններ, թալանչի գործարարներ, պոռնիկներ ու ծախված ոստիկաններ, անհայտ ճանապարհով հարստացած բանկիրներ ու պատերազմում անուն հանած ավազակներ, նրանք որ դարձել են կյանքի տերտիրականը Լոնդոնի կամ ցանկացած այլ քաղաքի թաղամասերից մեկում:

Սա ներկայացում-մյուզիքլ է: Կարելի է և ծիծաղել: Բայց հանդիսատեսը ստանում է ուղերձը և հասկանում, որ փոխվում են միմիայն ժամանակները, իսկ պատմությունն, ավաղ, կրկնվում է, որ «Մարդկությունը օրեցօր ավելի քարսիրտ է դառնում», «Ո՞վ չի ուզում լավն ու բարի լինել, բայց երազն ու կյանքը միշտ ուրիշ են», «Մարդ արարածը սարսափելի հատկություն ունի, նա կարող է ցանկացած պահի դառնալ անզգա» արտահայտություններն իրական կյանքից են:

Համազգայինի դերասանների համար այս երաժշտական ներկայացումը մի իսկական քննություն էր, քանի որ բացի դրամատիկ խաղից պետք էր տիրապետել վոկալին և պարի արվեստին: Իսկ Երաժշտական կամերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի համար ևս մեկ փորձություն տեղավորվելու ծախսատար ներկայացումը փոքր բյուջեի մեջ: