Կինոաշունը սկսվեց
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց ««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որի շրջանակում հետահայաց կցուցադրվեն հայ կինոարվեստի հայտնի եւ մոռացված ֆիլմերը:
Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը հայ հանդիսատեսը Երեւանի կինոթատրոններում կկարողանա դիտել իր մանկության եւ երիտասարդության ֆիլմերը, հիշել բարի եւ մոռացված հայկական կինոն:
Կիոնամսյակի բացման արարողության ժամանակ ցուցադրվեցին «Հայֆիլմին» եւ մեծանուն հայ կինոգործիչներին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր, իսկ երգահան Մարտին Վարդազարյանը, ում ստեղծագործությունների մեծ մասն էլ հենց հնչում են հայկական հայտնի ու սիրված ֆիլմերում, երաժշտական կատարումներ հնչեցրեց սիրված ֆիլմերից:
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը նախաձեռնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի ղեկավար Գևորգ Գևորգյանը բացման խոսում նշեց. «Ցավոք սրտի ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական կինոյի ցուցադրությունները նվազեցին, փակվեցին շատ կինթատորններ եւ վարձույթի սրահներ: Հայ հանդիսատեսը այսօր մեր կինոժառանգությանը կարողանում է ծանոթանալ միայն հեռուստատեսության միջոցով, որը սակայն դրանք ցուցադրում է որոշակի օրերի եւ ժամերի: Մեր նպատակն է վերականգնել և հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթը եւ հայ ժողովրդին վերադարձնել կինոյի իր հարստությունը»,- ասաց նա:
Գեւորգ Գեւորգյանի տեղեկացմամբ, բավականին աշխատանք է տարվել հին ֆիլմերի մշակման, դրանց վերականգնման եւ թվայնացման ուղղությամբ: «Կային ֆիլմեր, որոնք ընդամենը մեկ օրինակով էին պահպանվել եւ շատ վատ որակի էին: Փորձել ենք հնարավորինս վերականգնել դրանք»,-նշեց նա:
Կինոամսյակի ընթացքում հետահայաց կցուցադրվի մոտ 100 ֆիլմ՝ ինչպես հին, այնպես էլ նոր արտադրության:
«Հայաստանյան տարբեր աշունների թվին այսօր ավելացավ նաեւ կինոաշունը: Իհարկե դժվար ժամանակահատված է ընտրվել, քանի որ հոկտեմբերը ծանր ամիս է, բայց կարծում եմ, որ այսուհետ այն կդառնա ազգային կինոյի ամիս»,- իր ելույթում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ կինոամսյակի ընթացքում բացօթյա եւ դահլիճային ցուցադրություններ կլինեն մի շարք կինոթատրոններում: «Մոսկվա» կինոթատրոնում կներկայցվեն հին եւ սիրված ֆիլմերը, «Նարեկացի» արվեստի կենտրոնում` ժամանակակից կարճամետրաժ ֆիլմերը, իսկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի համար առանձնացվել են մանկական մուլտֆիլմերն ու ֆիլմերը:
Կինոցուցադրություններ այս տարի, ցավոք սրտի, ոչ բոլոր մարզերում կկայանան. ծրագրում ընդրկվել են միայն Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերը:
Նշվելու են նաեւ 9 հոբելյաններ, կազմակերպվելու է ֆոտոցուցահանդես, ֆիլմի լավագույն գրախոսականի մրցանակաբաշխություն: