Մեկնարկեց մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը
Երեւանում մեկնարկեց մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնը ոչ միայն մշակութային, այլև սոցիալական և կրթական ուղղվածություն ունի: «Կարելի է ասել, որ փառատոնը բարեգործական հիմքերի վրա է դրված: Մենք համագործակցում ենք տարբեր մարզերի մանկատների հետ: Անվճար տոմսեր են բաժանվել այն դպրոցներին ու կազմակերպություններին, որտեղ կան սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, որպեսզի այդ երեխաներն էլ իմանան` ինչ է մեծ էկրանը»,-« Ա1+»-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի նախագահը:
Փառատոնի ժյուրիի անդամ են ընտրվել Երևանի դպրոցների առաջադեմ աշակերտները:
Չեխովի անվան 55 դպրոցի աշակերտուհի Հայարփի Սիմոնյանը լիամետրաժ և անիմացիոն ֆիլմերի ժյուրիի անդամ է: «Ես թատերական խմբակ եմ հաճախում և ինձ արվեստին մոտ եմ համարում, այդ պատճառով էլ այստեղ եմ», -նշեց աշակերտուհին:
Ժյուրիի անդամ է նաև Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի սան Վիկտորյա Մաթևոսյանը, ում համար կարևոր է ֆիլմի գաղափարը, երեխաներին վերաբերող խնդիրների վերհանումը նաև գունեղությունը:
Փառատոնի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ուղեկցվեց տոնական համերգով: Ելույթներով հանդես եկան Զարուհի Բաբայանը, Ալլա Լևոնյանը, Հայկ Պետրոսյանը, Եվա Ղազարյանը և երգ ու պարի մանկական համույթներ: