Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի կին շախմատիստները հաղթեցին, իսկ տղամարդիկ` ոչ. Եվրոպայի թիմային առաջնություն

Սլովենիայի Չատեժ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան 2-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ոչ-ոքի խաղաց Նորվեգիայի ընտրանու հետ, որը հանդես է գալիս առանց իր առաջատար Մագնուս Կառլսենի, քանի որ նա պատրաստվում է աշխարհի թագի հերթական պաշտպանությանը: 

Մեր թիմի առաջատար Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ, իսկ ահա չորրորդ խաղատախտակին հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը պարտվեց: Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաշտություն կնքեցին իրենց մրցակիցների հետ: Արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 3 միավոր և այժմ բաժանում է 7-13-րդ տեղերը: Այսօր նախատեսված 3-րդ տուրում մեր ընտրանին կմրցի Իսրայելի հետ, որը նախորդ տուրերում հաղթել է Սլովենիայի 2-րդ թիմին և ոչ-ոքի խաղացել Լեհաստանի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ խաղում 3:1 հաշվով վստահ հաղթեց Բելգիայի թիմին: Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը մեկական միավոր վաստակեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն անսպասելի պարտություն կրեց, քանի որ նրա մրցակիցն անգամ 2000 վարկանիշային միավոր չունի:

Երկու տուրից հետո մեր թիմը վաստակել է 4 միավոր և ևս վեց հավաքականների հետ բաժանում է 1-7-րդ տեղերը: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Լեհաստանի հետ, որը նախորդ երկու խաղերում վստահ հաղթել է Հունաստանի և Հունգարիայի թիմերին: