Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan - germania
A A
Սպորտ

Նոր դիմակայություն՝ անհարմար մրցակցի հետ. Հայաստան – Գերմանիա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը:

Մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Գերմանիայի ընտրանուն, որը վաղուց նվաճել է Քաթար-2022-ի ուղեգիր և այլևս մարզական նպատակ չի հետապնդում:

Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանի հավաքականին չի սպասում մոտիվացված մրցակից: Հակառակը, գերմանացի ֆուտբոլիստներն այժմ ավելի անկաշկանդ են իրենց զգում: Դա նրանք ապացուցեցին երեք օր առաջ կայացած ընտրական հերթական խաղում, երբ սեփական դաշտում 9 անպատասխան գնդակ ուղարկեցին Լիպտենշտայնի դարպասը:

Գերմանիայի ընտրանին ընդհանուր առմամբ շատ անհարմար մրցակից է Հայաստանի հավաքականի համար: Նախկինում կայացած չորս խաղերում գերմանացիները միշտ խոշոր հաշվով հաղթանակ են տարել: Նրանք խփել են 21 գոլ, բաց թողել ընդամենը երկուսը: Առաջին շրջանում կայացած խաղում Գերմանիայի հավաքականը հաղթել է 6:0 խոշոր հաշվով:   

Հայաստանի հավաքականն այսօր պետք է առաջին հերթին ձգտի վերադարձնել հավատն իր սեփական ուժերի և ֆուտբոլասերների նկատմամբ, որը կորցրել է երեք օր առաջ, «Հանրապետական» մարզադաշտում, Հս. Մակեդոնիային 0:5 հաշվով պարտվելուց հետո: Արդյոք դա կհաջողվի մեր ֆուտբոլիստներին, ցույց կտա խաղը: 

Հավելենք, որ մեր թիմն այս անգամ հանդես կգա հիմնական կազմով, քանի որ լրացել են չորս առաջատար խաղացողների որակազրկումները: Գերմանիայի ընտրանին, հակառակը, լուրջ կորսուստներ է կրել խաղից առաջ, քանի որ հինգ ֆուտբոլիստներ մեկուսացվել են կորոնավիրուսի պատճառով, իսկ մյուս հինգը խաղը բաց են թողնելու տարբեր պատճառներով: Օրինակ` թիմի ավագ Մանուել Նոյերին ու հարձակվող Մարիո Ռոյսին գլխավոր մարզիչը հանգիստ է տվել:

Հայաստան – Գերմանիա խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին: Բուքմեյքերները բացահայտ առավելություն տալիս են գերմանացի ֆուտբոլիստներին` 1,12 գործակից ընդդեմ 19,00-ի: