Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 1
A A
Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի հավաքականը կարող է կրկին չմասնակցի աշխարհի առաջնությանը

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացած ընտրական վերջին խաղերում գրանցվեցին մի քանի անակնկալ արդյունքներ:

 

Նախ, Պորտուգալիայի հավաքականը Քրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց Սերբիայի թիմին և առաջին տեղը զիջեց հենց մրցակցին: Պորտուգալացի ֆուտբոլիստները Քաթար մեկնելու համար պետք է արդեն հաղթեն անցումային մրցաշարում:

 

Ընթացիկ ընտրական փուլը չկարողացավ հաղթահարել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը: Վերջին տուրում իտալացիները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Հյուսիսային Իռլանդիայի հետ: Իսկ ահա նրանց հետ հավասար ընթացող Շվեյցարիան իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Բուլղարիային և գրավեց առաջին տեղը:

 

Իտալիայի հավաքականը նույնպես կմասնակցի անցումային մրցաշարին, որը տեղի կունենա եկող տարվա մարտին: Սա երկրորդ դեպքն է, որ իտալացիները պետք է հանդես գան նման խաղերում: Առաջին փորձը նրանց մոտ չի ստացվել: 2018թ աշխարհի առաջնության անցումային փուլում Իտալիայի հավաքականը երկու խաղերի արդյունքներով պարտվել է Շվեդիայի ընտրանուն (0:1, 0:0) և դուրս մնացել եզրափակիչ մրցաշարից:

 

Հավելենք, որ 2022թ աշխարհի առաջնության անցումային մրցաշարը կանցկացվի նոր մրցակարգով: Ընտրական խմբերում երկրորդ տեղը գրաված 10 թիմերը և 2021թ Ազգերի լիգայի երկու լավագույն վարկանիշ ունեցող հավաքականները նախապես կբաժանվեն երեք խմբերի միջև: Դրանք կկազմեն 6 կիսաեզրափակիչ զույգեր: Հաղթողները կմտնեն եզրափակիչներ, որտեղ և կխաղարկեն Քաթար-2022-ի Եվրոպական գոտու վերջին երեք ուղեգրերը:

 

Արդեն հայտնի են անցումային մրցաշարի 10 մասնակիցները: Դրանք են Պորտուգալիան, Շոտլանդիան, Իտալիան, Ռուսաստանը, Շվեդիան, Լեհաստանը, Ուելսը, Չեխիան, Հյուսիսային Մակեդոնիան և Ավստրիան: Մնացած երկու տեղին հավակնում են 5 երկրներ` Ֆինլանդիան, Ուկրաինան, Նիդերլանդները, Թուրքիան և Նորվեգիան:

 

Եվրոպայի ընտրական գոտուց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել են արդեն 9 ազգային թիմեր` Դանիան, Գերմանիան, Սերբիան, Իսպանիան, Շվեյցարիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Անգլիան և Բելգիան: Վերջին ուղեգրի համար պայքարում են նույն Նիդերլանդները, Թուրքիան և Նորվեգիան:

a1+italia 2.jpg (87 KB)