Այսօր` Մագնուս Կառլսեն - Յան Նեպոմնյաշչի. պայքար շախմատի 5 կգ նոր թագի համար
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Դուբայում կմեկնարկի տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը: Գործող չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ:
Կողմերը նախ կանցկացնեն 14 դասական պարտիա: Կհաղթի 7,5 միավոր վաստակող շախմատիստը: Ոչ-ոքու դեպքում աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում:
Հաղթողին այս անգամ շախմատի միջազգային ֆեդերացիան կհանձնի փոխանցիկ գավաթ, որը պատրաստվեծ է 99 տոկոսանոց արծաթից, 39 ադամանդե քարերից և կշռում է 5 կիլոգրամ: Մրցանակային հիմնադրամը 2 մլն եվրո է: Հաղթողը կստանա 60 տոկոսը, պարտվողը` 40:
Մագնուս Կառլսենը և Յան Նեպոմնյաշչին հաճախ են հանդիպել իրար հետ, սակայն առայժմ միայն 5 պարտիա է արդյունավետ ավարտ ունեցել: Աշխարհի չեմպիոնը տարել է 1 հաղթանակ, իսկ ռուսաստանցի շախմատիստը` 4:
Չնայած նման վիճակագրությանը, նորվեգացի գրոսմայստերը հայտարարել է, որ ինքն առավելություն ունի մրցակցի նկատմամբ, քանի որ նման մրցամարտերի մեծ փորձ ունի, բացի այդ ավելի շատ է լավ քայլեր կատարում և ճիշտ որոշումներ ընդունում: Յան Նեպոմնյաշչին աշխարհի չեմպիոնին պատասխանել է, որ ինքը շատ լավ է պատրաստվել մրցամարտին, ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկապես:
Հարկ է նշել, որ բուքմեյքերներն ավելի շատ հավատում են Մագնուս Կառլսենի հաղթանակին` 1,7 գործակից: Յան Նեպոմնյաշչու շանսերն ըստ մասնագետների 3,00 գործակից է:
Առաջին պարտիան կկայանա այսօր: Մագնուս Կառլսենը հանդես կգա սև խաղաքարերով: