Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիկ-մարզուհիները:
Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը հրապարակելու է օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ԿԳՄՍՆ-ի հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներ ունեցող 20 մարզիկների անվանացանկը: ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնելու երեք մարզիկի թեկնածություն, ինչպես նաև մեկ մարզիկի թեկնածություն «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի համար: Սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:
10 լավագույն մարզիկներն որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Նախարարությունն անցկացնելու է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթը, որն իրականացվելու է SMS քվեարկությամբ: