Աննա Սարգսյանը կանանց շախմատի աշխարհի հավաքականի կազմում մասնակցում է մրցախաղի
Աջակցիր «Ա1+»-ինԼեհ շախմատիստուհի Քրիստինա Հոլույ-Ռաձիկովսկայի հիշատակին նվիրված Լեհաստան – Աշխարհի հավաքական ամենամյա շախմատային հանդիպմանն այս տարի մասնակցում է նաև Հայաստանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը:
Թիմերը կազմված են 5-ական շախմատիստուհիներից: Հինգ տուրում աշխարհի հավաքականի անդամները պետք է հանդիպեն Լեհաստանի ընտրանու բոլոր ներկայացուցիչների հետ:
Արդեն կայացել է չորս տուր: Աշխարհի հավաքականը հաղթում է 13,5:6,5 ընդհանուր հաշվով: Աննա Սարգսյանն անցկացրած չորս պարտիայից երկուսում հաղթանակ է տարել, իսկ երկուսն ավարտել է ոչ-ոքի: Աշխարհի հավաքականում ավելի բարձր արդյունք ցույց են տվել ուկրաինուհի Յուլյա Օսմակն ու վրացուհի Մերի Արաբիձեն, որոնք 4 հնարավորից վաստակել են 3,5-ական միավոր:
Այսօր տեղի կունենան վերջին տուրի պարտիաները: Աննա Սարգսյանը կխաղա Օլիվիա Կիոլբասայի հետ, որը նախորդ չորս պարտիաներից երկուսն ոչ-ոքի է ավարտել, իսկ մյուս երկուսում պարտություն կրել: