Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին. Հակոբ Արշակյանը՝ ռուս գործընկերներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, դեկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը, որն անցկացվել է առցանց ձեւաչափով։ Որպես Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ողջունելով նիստի մասնակիցներին՝ նշել եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական և ջերմ կապերը խոր արմատներ ունեն։ Մեզ կապում են դարավոր բարեկամությունը, մշակութային և հոգևոր կապերը, դաշնակցային և ռազմավարական գործընկերությունը։ Խորհրդարանական փոխգործակցության ձևաչափում ընդգծել եմ միջազգային հարթակներում համագործակցության դերը։ Ընդանուր առմամբ գոհունակություն եմ հայտնել խորհրդարանականների փոխգործակցության մակարդակից այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհուրդը, հավելելով, որ բազմակողմ հարթակներում համագործակցության ամբողջ ներուժը չի իրացվել։ Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին անդրադարձել եմ հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռեւս չեն լուծվել։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց։ Շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի Դաշնությանը այս խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Շնորհակալություն եմ հայտնել նաև ռուս խաղաղապահներին՝ խաղաղության և անվտանգության ինչպես նաև, հայկական կրոնական մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանման գործում գործադրած ջանքերի համար։ Եզրափակելով խոսքս՝ նիստի մասնակիցներին մաղթել եմ բեղմնավոր աշխատանք։ Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում՝ 2022թ․ գարնանը։