Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նրանք, որոնք խայտառակեցին ՀՀԿ-ին, այսօր ծառայում են ՔՊ-ին․ Սամվել Նիկոյան (տեսանյութ)

«Այդ ինքնաթիռները մեզ են առաջարկել, տևական ժամանակ համոզում էին, որ գնեինք, բայց չգնեցինք, քանի որ դրանք մեզ պետք չէին, բացարձակապես անարդյունավետ էին։ Իրենք 130 մլն դոլարով գնեցին։ Դա գումարների փոշիացում էր, որովհետև դրանք որևէ ֆունկցիոնալ նշանակություն չունեցան և չեն էլ ունենա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին։

Անդրադառնալով հարցին, թե,  ՀՀԿ-ն, եթե ցանկանում է, որ գործող իշխանությունները հեռանան, ապա ինչու ակտիվ պայքար չի մղում, Ս․Նիկոյանը պատասխանեց, որ դա ունի իր ժամանակը և դրա համար պետք են պայմաններ։

«Անհրաժեշտ է ընդհանուր աշխարհաքաղաքական, ինչպես նաև ներքաղաքական միջավայր։ Ես չեմ ուզում անդրադառնալ հարցին, թե ովքեր են այսօր պինդ պահում այս իշխանություններին, որ հանկարծ իշխանափոխություն չլինի։ Իրենց պետք է, որ Փաշինյանը ժամանակավորապես շարունակի»,- հավելեց հանրապետականը։

ՀՀԿ-ական գործիչը նաև ասաց, թե այսօր մեր երկրի առջև դրված սահմանագծման ու սահմանազատման, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների ճանաչման և այլ խնդիրներըի կատարումը կբերի Հայաստանի՝ որպես պետության չեզոքացմանն ու ոչնչացմանը։

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, Ս․Նիկոյանն ասում է, թե մեր պետությունը ոչինչ չի կորցնում նրա չլինելով։

«Նրա աշխատողները մամուլից են իմացել հրաժարականի մասին։ Մարդ ես, գոնե քո աշխատողներից շնորհակալություն հայտնեիր, ձեռք սեղմեիր։ Այստեղ հրաժարական տայիր, նոր գնայիր»,- ասում է Ս․Նիկոյանը։

Վերջինս անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունից Իշխան Զաքարյանի դուրս գալու իրողությանն ու ասաց, թե նրա այդ քայլի համար ոչ թե ՀՀԿ-ն, այլև Արթուր Վանեցյանն է պատասխանատու։

Խոսելով արդեն ՀՀԿ-ի մասին՝ նշեց, որ նախկին՝ մոտ 150 հազար կուսակիցներից, ընդամենը 15 հազարն են վերահաստատել, որ ցանկանում են մնալ կուսակցական։

«Փողոցը, հանցավոր աշխարհը, ձեր ասած՝ քրեաօլիգարխիկ համակարգը, կապիտալը միշտ ծառայում է իշխանություններին։Նրանք, որոնք խայտառակեցին ՀՀԿ-ին, այսօր ծառայում են ՔՊ-ին»,- եզրափակեց Ս․Նիկոյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում։