Վարչապետի օգնականը՝ իր կողմից «քրեական գործ խմբագրելու մասին» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախ նշեմ՝ վարչապետի օգնականը չի հանդիսանում խորհրդի անդամ։ Ես այսօր այստեղ հրավիրյալ անձի կարգավիճակով եմ։ Այնպես, որ ինքս էլ տեղեկատվություն եմ ակնկալում ստանալ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ արմատական փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրական բարեփոխումների համատեքստում։
«Գիտեք, որ խորհրդից բացի լինելու է մասնագիտական հանձնաժողով, որը արդեն բուն աշխատանքներն է իրականացնելու։ Ե՛վ խորհուրդը, և՛ քաղաքական իշխանությունը, և՛ բոլորս մասնագիտական կարծիք ենք ակնկալում հարցի վերաբերյալ»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ հավաստիացնելով, որ աշխատելու է խորհրդի բոլոր նիստերին ներկա լինել, որպեսզի հասկանան` ինչ բարեփոխումների մասին է խոսքը։
Լրագրողները վարչապետի օգնականից մեկնաբանություն խնդրեցին շուրջ մեկ տարի առաջ հայտնաբերված գրագրության մասին, որտեղ Աննա Վարդապետյանը քննիչի հետ փորձել է «քրեական գործ խմբագրել»։ Խոսքը Ռուբեն Հայրապետյանի որդու հետ կապված քրեական գործի մասին է։
«Կարծում եմ՝ այս հարցին գլխավոր դատախազը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց։ Խոսքը ծառայության մասին չէ, խոսքը մասնագիտական կարծիքի մասին է։ Եվ իմ ամբողջ գործունեության արդյունքում բոլոր իմ գործընկերները՝ իրավաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ»,-պարզաբանեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելու գործով։
Մանրամասները՝ տեսանյութում։