Դատախազությունը մոտ 2 մլն դրամ է պահանջում նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների մասնակիցներից
Աջակցիր «Ա1+»-ին2020 թ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների գործով դատախազությունը մոտ 2 մլն դրամ է պահանջում ամբաստանյալներ Անրրի Սեդոյանից եւ Կարեն Մարությանից:
Անրրի Սեդոյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքերով՝ հայցը ոչ թե դատախազությունը պետք է ներկայացներ, այլ կառավարությունը։ Գործով տուժողը հենց կառավարությունն է։
Պաշտպանին, սակայն, այդ քաղաքացիական հայցից ավելի շատ անհանգստացնում է իր պաշտպանյալի առողջական վիճակը։
Նա այնպիսի հիվանդություններ ունի, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են։ Սակայն դատարանը դատաբժշկական փորձաքննության անցկացումը հետաձգել է։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Անրրի Սեդոյանը այսօր եւս բարձրաձայնեց իր առողջական խնդիրների մասին, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ այդ հարցին չի կարող անդրադառնալ․ տուժողների եւ վկաների հարցաքննությունը դեռ չի ավարտվել։
Այսօրվա դատական նիստին տուժող Անդրանիկ Մկրտչյանը չէր ներկայացել, հեռախոսազանգով տեղեկացրել էր, որ ծանուցագիր չի ստացել։ Սակայն պատրաստ է ցուցմունք տալ։ Ըստ այլ վկաների ցուցմունքների՝ դեպքից հետո անհետացել է Անդրանիկ Մկրտչյանի կոստյումը։
Անրրի Սեդոյանը եւ Կարեն Մարությանին մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Անրրի Սեդոյանի հետ, ապօրինի մուտք գործելու ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարելով խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն: