Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պուտին-Ալիև հռչակագրում Հայաստանին հստակ հուշումներ կան․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

Հայաստանն առաջին հերթին մի բան պետք է անի՝ իր ուշադրությունը պետք է սևեռի Սյունիքի և Արցախի պաշտպանության  և մեր պետական սահմանների ամրացման, ամրապնդման գործին։

«Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ նման դիտարկում արեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ինչ դիրք պետք է ընդունի Հայաստանը։

«Եթե մինչև հիմա ինչ որ հռետորաբանություն կար, ապա հիմա պետք է զբաղվել գործով և առաջին հերթին զբաղվել մեր պետության շահերը պաշտպանելով։ Բացի դա, ես կարծում եմ, որ մենք այս հակամարտության մեջ պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որ միջամտությունը մեր պետության շահերից չի բխում»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ մենք պետք է հասկանանք՝ վերջերս Ալիև-Պուտինի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցությունն ունի որոշակի դրույթներ, որոնք  չեզոքացնում են այս կամ այն  երկրի միջամտությունն այլ երկրի գործերին։

«Եվ այստեղ մեզ հստակ հուշումներ կան, որ այն, ինչ կկատարվի Ռուսաստանի և Ուկրաիինայի միջև, չպիտի հուսադրի հայկական կողմին»,- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը՝ կարևորելով, որ մենք պետք է  խորությամբ ուսումնասիրենք այդ փաստաթուղթը։

Ռուս-ուկրաինական հակամարտության պատերազմի համատեքստում անդրադառնալով Ուկրաինայում հայկական համայնքի տարհանման և անվտանգության պետության պարտավորությանը՝ Մանե Թանդիլյանն արձանագրեց, որ այս պայմաններում արդեն դժվար կլինի տարհանել մեր հայրենակիցներին։ Քաղաքական գործչի խոսքով, դա պետք է արվեր մինչև ռազմական էսկալացիան։

Նախկին պատգամավորը, իր խոսքերով, երբ հեռվից տեսնում է այսօրվա խորհրդարանի աշխատանքը, ամոթ է զգում, որ այս ճգնաժամի մեջ գտնվող երկրի Ազգային ժողովը նման կերպար ունի։

«Ես կիսում եմ այն հարցումների արձանագրած պատկերը, որ այսօրվա Ազգային ժողովն ամենավերջին տեղում է՝ որպես հեղինակություն չունեցող կառույցն»,- ասում է Մանե Թանդիլյանն ու հավելում՝ «խորհրդարանը բացառապես անձնական հաշիվները մաքրելու հարթակ է դարձել»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակների Հայաստան այցին՝ շեշտեց, որ այս ժամանակշրջանում առավել ուշադրության արժանի էր, ոչ թե Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում Ադրբեջանի պատվիրակների Հայաստան այցը, այլ հենց նույն օրն ստորագրված՝ Պուտին-Ալիև դաշնակցային փոխգործակցության պայմանագիրը։

Ըստ Թանդիլյանի՝ կարելի էր տեղափոխել գագաթնաժողովի անցկացման ժամկետները  կամ էլ չեղարկել։ Քաղաքական գործիչը գտնում է, որ Ադրբեջանի պատվիրակների այցը Հայաստան արդարացված կլիներ, եթե դրա դիմաց գործող իշխանությունները պահանջեին հայ ռազմագերիներին, կամ էլ ասեին, որ չեն կարող ապահովվել նրանց անվտանգությունը։  

Թանդիլյանը խոսեց նաև Արցախում իր աշխատանքային գործունեության արդյունավետության և 44-օրյա պատերազմից հետո Արցախ տեղափոխվելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։