Հետխորհրդային գոտու բոլոր երկրները թերևս դառնում են «բնական դաշնակիցներ»․ Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ կարծիք է հայտնել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակում հետխորհրդային երկրների ինքնորոշման պահպանման վերաբերյալ՝ գրելով․
«Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանի դեմ կիրառվում են բավականին խիստ պատժամիջոցներ, որոնք փաստացի «կտրում» են Ռուսաստանն այսպես ասած քաղաքակիրթ աշխարհից կամ եվրաատլանտյան միջավայրից: Որոշում է կայացվել անգամ ՌԴ-ն Եվրոպայի Խորհրդից հեռացնելու մասին:
Բարդ է ասել, թե այդ պատժամիջոցները ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանի նախագահ Պուտինի որոշումների վրա: Հայաստանի համար կա մի խնդիր, թեև ոչ միայն Հայաստանի, այլ գործնականում բոլոր հետխորհրդային երկրների, բացառությամբ թերևս ՆԱՏՕ անդամ Մերձբալթյան եռյակի:
Արդյո՞ք Եվրաատլանտյան միջավայրից Ռուսաստանին «կտրելը» կարող է հանգեցնել Մոսկվայում «հակառակ ռեակցիայի» ու Կրեմլը դնի խնդիր «կտրել» հետխորհրդային տարածքը, կամ ինչպես ասում են՝ վերականգնել երկաթե վարագույրը:
Սա առանցքային մարտահրավեր է, որին դիմագրավելու հարցում հետխորհրդային գոտու բոլոր երկրները թերևս դառնում են «բնական դաշնակիցներ», եթե նրանց համար իհարկե կարևոր է սեփական ինքնիշխանությունն ու աշխարհի հետ ըստ այդմ հարաբերվելու ազատությունը»: