Բացել լրահոսը Փակել լրահոսը
275609235_5656595087693219_2631247482358089285_n
A A
Հասարակություն

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ի հայտարարությունը՝ կնասպանության դեպքի վերաբերյալ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ի հայտարարությունը՝ մարտի 11-ին տեղի ունեցած կնասպանության դեպքի վերաբերյալ
 
Ս․թ․ մարտի 11-ին, Զովունի գյուղի դպրոցի մոտ նախկին ամուսինը՝ հետապնդելով կնոջը գործադրել է նռնակ, որի պայթյունի հետևանքով նրանք զոհվել են։
 
Ցավոք կնասպանության զոհ դարձած կինը եղել է Կանանց աջակցման կենտրոնի շահառուն։
 
Դեպքից մի քանի օր առաջ՝ մարտի 3-ին նա դիմել է աջակցման կենտրոնին, որից հետո կատարվել է դեպքի գնահատում։ Անվտանգության գնահատման ընթացքում պարզվել է, որ նախկին ամուսինը շարունակաբար հետևում ու հետապնդում է կնոջը, սպառնում է վնասել նրան ու երեխաներին, կինը վստահեցրել է, որ այդ սպառնալիքները իրական են և նախկին ամուսինն ի վիճակի է իրագործել դրանք։ Սոցիալական աշխատողը ռիսկայնության բարձր աստիճանի մասին տեղեկացրել է կնոջը և առաջարկել է անչափահաս երեխաների հետ տեղափոխվել ապահով տուն (ապաստարան)։ Ն․-ի հետ քննարկվել է նաև չափահաս որդու անվտանգության հարցը, սակայն նա տեղեկացրել է, որ որդին սովորում է բժշկական համալսարանում և չի կարող բացակայել դասերից։ Կինը գրավոր հրաժարվել է ապահով տան ծառայությունից և նշել, որ նպատակահարմար է գտնում մնալ չափահաս որդու հետ միասին, միաժամանակ ընդգծելով, որ տեղեկացված է Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայություններին և անհրաժեշտության դեպքում կդիմի ապաստարան տեղափոխվելու համար։
Նշենք նաև, որ ապահով տուն տեղափոխվելու որոշումը անկախ ռիսկայնության բարձր լինելուց կայացնում է կինը և կազմակերպությունը իրավունք չունի կնոջ կամքին հակառակ գործելու։
 
Այս ողբերգությունը ևս մեկ անգամ ամրագրում է այն փաստը, որ բարձր ռիսկայնության պարագայում կանայք և անչափահաս երեխաները պետք է անհապաղ տեղափոխվեն ապահով տուն՝ խուսափելու համար աղետալի զարգացումներից։ Այս ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել միասնաբար, թե՛ սոցիալական ծառայությունները, թե՛ ոստիկանությունն ու իրավապահ ամբողջ համակարգը պետք է գիտակցի խնդրի լրջությունը։
 
Ամեն վայրկյան հապաղումը կարող է կյանք արժենալ։
Խորին ցավակցություն ենք հայտնում կնոջ հարազատներին, երեխաներին, ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցել յուրաքանչյուր կնոջ։