Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեդիաաշխատողներից կեսի՝ 52 %-ի աշխատավարձը չի գերազանցում 200 հազարը. քննարկում (տեսանյութ)

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Աշխատանքային փոխհարաբերությունների հիմնախանդիրները մեդիա ոլորտում» սոցիոլոգիական հետազոտության զեկույցի ներկայացումը, որը հեղինակել է Անահիտ Դարբինյանը։

Հետազոտությունն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

Հետազոտության հիմնական բացահայտումները բավականին շատ են։

Օրինակներից են՝ մեդիա ոլորտում հաճախ գործատու-աշխատող հարաբերությունները հաստատվում են բանավոր համաձայնությամբ՝ առանց պայմանագրի։ Գործատուները սկսնակ մասնագետների հետ չեն կնքում աշխատանքային պայմանագրեր, շահագործում են նորավարտներին, չվճարվող փորձաշրջան են նշանակում 3 ամիս ժամկետով։

Ըստ հետազոտության՝ մեդիա ոլորտում ամենաշատ խախտվող իրավունքը հանգստի իրավունքն է։ Որոշ խմբագրություններում աշխատավարձերը խիստ տարբերվում են պայմանագրերով ֆիքսված աշխատավարձից, որը սովորաբար նվազագույն աշխատավարձի չափով է սահմանվում։

Հայաստանում մեդիաաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են կյանքի համար վտանգավոր պայմաններում։

Առցանց հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածներից 14-ը գրանցված աշխատողներ չեն, 1/3-ը գործատուների հետ համագործակցում են ծառայությունների մատուցման պայմանագրով, 46 %-ը աշխատանք է գտնում գործատուի անձնական հրավերով։ Իսկ մոտ 1/3-ը աշխատանք գտել է հայտարարության միջոցով։

Հարցվածներից 92-ը նշել է, որ գործատուն աշխատանքի է ընդունում՝ հաշվի առնելով մասնագիտական գիտելիքները, 63-ը՝ փորձառությունը, 47-ը՝ անձնային որակները և 21-ը՝ լեզուների իմացության հանգամանքից ելնելով։

Զեկույցի հեղինակը սլայդի միջոցով ներկայացրեց հետազոտության կազմելու մեթոդաբանությունը։

Ըստ հետազոտության՝ հարցմանը մասնակցած մեդիաաշխատողներից կեսի՝ 52 %-ի աշխատավարձը չի գերազանցում 200 հազարը։ Մանրամասները՝ տեսանյութում։