A
A
Բայդենը կրկին օգտագործեց ցեղասպանություն եզրույթը․ ԱՄՆ Նախագահի Ապրիլքսանչորսյան ուղերձը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը Հայերի հիշատակի օրվա կապակցությամբ
24 ԱՊՐԻԼԻ, 2022 Թ
1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականների և համայնքի առաջնորդների։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշատակում ենք մեկ ու կես միլիոն հայերին, որոնք բնաջնջման արշավի ընթացքում տեղահանվել են, կոտորվել կամ մահվան երթի ուղարկվել, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը:
Խորհելով Հայոց ցեղասպանության մասին` մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալ ատելության (իր բոլոր դրսևորումներով) քայքայիչ ազդեցության դեմ։ Մենք հանձնառու ենք աշխարհի վրա տևական սպիներ թողնող վայրագությունների մասին բարձրաձայնելուն և դրանք կանգնեցնելուն։ Եվ, սգալով Մեծ Եղեռնի կորուստները, կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհը, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար: Աշխարհը, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքները չեն անդրադառնում մեր առօրյա կյանքի վրա, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են ապրելու իրենց կյանքը՝ արժանապատվորեն և ապահով:
Սա նաև հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին խորհելու պահն է։ Ցեղասպանության ենթարկվելուց հետո հայ ժողովուրդը վճռական էր վերակառուցելու իր համայնքը և իր մշակույթը, հաճախ՝ նոր տներում և նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կենսական մաս են կազմում։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց հետ կրել իրենց նախնիների վերապրած ողբերգական հիշողությունը։ Մենք ճանաչում ենք նրանց ցավը և հարգում նրանց պատմությունը։
Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է իր հարգանքի տուրքը մատուցել ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր հայերին։