Կառավարությունը բնակարանների և բնակելի տների վերանորոգման սուբսիդավորվող վարկ կտրամադրի
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Նրա խոսքով՝ վարկառուն վարկ ստանալու նպատակով պետք է դիմի ֆինանսական կառույց՝ ներկայացնելով վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ապա կստուգվի վարկառուի վարկավորման պայմանների համապատասխանությունը ծրագրի պայմաններին, և ապա նոր կտրամադրվի վարկը:
«Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում ապահովվում է շահառուների մասով սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կառույցի հատուկ հաշվին»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում բնակֆոնդի մաշվածության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք՝ հատկապես գյուղական վայրերում: Ծրագրի պարտադիր պայման է, որ վարկի 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար:
«Հույս ունենք, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մասնավոր հատվածում աշխատատեղեր կստեղծվեն և արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները այստեղ կկարողանան սեզոնային աշխատանք անել և իրենց եկամուտներն ապահովել»,-հավելեց նա:
Վարչապետի խոսքով՝ ծրագրով փորձ է արվում տարածքների համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել:
«Վարկը առավելագույնը 14 տոկոսով է տրամադրվելու՝ 7 տարով: Կառավարության սուբսիդավորմամբ՝ սահմանամերձ բնակավայրերի և գյուղերի համար վարկի տոկոսը կլինի 0 տոկոս, գյուղական համայնքներինը կլինի 2 տոկոս, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս»,-ասաց վարչապետը, հավելելով, որ ծրագրով ստացված վարկային միջոցների 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ, որն իր հերթին կհանգեցնի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատմանը: