Մադրիդի «Ռեալի» 14-րդ եվրոպական բարձունքը
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Ռեալը» 14-րդ անգամ տիրեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների գավաթին:
Անցած գիշեր Փարիզի արվարձան Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզաշատում կայացած եզրափակիչ խաղում Իսպանիայի թագավորական ակումբը 1:0 նվազագույն հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց բրազիլացի Վինիսիուս Ժունիորը:
Այդպիսով, «Ռեալն» այժմ երկու անգամ շատ գավաթ ունի իր թանգարանում, քան իտալական «Միլանը», որը 7 անգամ է տիրել այդ մրցանակին: Ուշագրավն այն է, որ իսպանական ակումբը չեմպիոնների լիգայի ստեղծումից հետո հաղթել է բոլոր 8 եզրափակիչներում:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դարձավ առաջին մասնագետը, որն իր թիմով 4-րդ անգամ նվաճեց գավաթը: Դա մրցաշարի նոր ռեկորդ է:
«Ռեալի» ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլը, Քարիմ Բենզեման, Իսկոն, Դանի Կարվախալը, Մարսելոն և Լուկա Մոդրիչը կրկնեցին Քրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը` 5-րդ անգամ հաղթելով չեմպիոնների լիգայում: Սակայն, եթե հաշվի առնենք նախկինում անցկացված չեմպիոնների գավաթի խաղարկությունները, ապա բացարձակ ռեկորդը պատկանում է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Խենտոյին, որը 6 անգամ է իր գլխավերևում պահել պատվավոր այդ գավաթը:
Բրազիլացի պաշտպան Մարսելոն «Ռեալի» կազմում նվաճեց իր 25-րդ մրցանակը: Դա իսպանական ակումբի նոր ռեկորդ է: Խաղից հետո նա հայտարարել է, որ ավարտում է ելույթները «Ռեալում»:
Վերջում նշենք, որ եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան, որ ետ է մղել լիվերպուլցիների 9 վտանգավոր հարվածներ: