Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ես խորհուրդ կտայի մեդիաներին չռմբակոծել երիտասարդներին դեպրեսիվ լրատվությամբ․ Գարիկ Իսրայելյան (տեսանյութ)

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում STARMUS VI փառատոնի շնորհիվ Հայաստանը կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։

Այսօր STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը լրագրողներին ներկայացրեց փառատոնի հիմնական ծրագիրը, որն ընդգրկում է Կոնֆերանս Մարզահամերգային համալիրի տարածքում, Կլոր-սեղան քննարկումներ Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ, Սթար փարթի աշխարհահռչակ հյուրերի մասնակցությամբ, որը կանցկացվի Գառնիում։ Նաև Գիտության ճամբար՝ Օպերայի հարակից տարածքում, ուր ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումները։

STARMUS VI փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտության ու մշակույթի գործիչներին միավորող հարթակ։

Հայաստանում փառատոնը կանցկացվի «50 տարի Մարսի վրա» խորագրով՝ նվիրված «Մարս 3» տիեզերական առաջին վայրէջքի 50-ամյակին։

«Մեզ համար շատ կարևոր է առավելագույնս հասանելի դարձնել փառատոնը երիտասարդության ու հասարակության ամենալայն շրջանակներին, և ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում է 700 եվրոյի, հայաստանյան փառատոնի համար սահմանվել է նվազագույն գին՝  25․000 ՀՀ դրամ, իսկ ուսանողների համար 20․000 դրամ», -ասաց  Գարիկ Իսրայելյանը և հավելեց, որ Հայաստանում որևէ հովանավոր, ցավոք չունեն․ «Միգուցե կփոխվի իրավիճակը, չգիտեմ։ Մեզ առայժմ դրսում են գնահատում»։

STARMUS-ի համահիմնադիրը խոսեց նաև մեր այսօրյա իրականության մասին։ «Ես պատկերացնում եմ, որ եթե ես 17 տարեկան երիտասարդ եմ և ապրում եմ Երևանում, որտեղ ամբողջ լրատվական դաշտը լցված է դեպրեսիվ նորություններով, ի՞նչ էի անելու։ Եթե որևէ մեկը երեխաների ապագայի մասին է մտածում, դա պետք է չանի։ Ես մեդիաներին խորհուրդ եմ տալիս այդքան չռմբակոծել երիտասարդներին դեպրեսիվ լրատվությամբ»։

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ներկա կգտվի STARMUS-ին, քանի որ նա էր կառավարությանը ներկայացրել այս փառատոնն ու նաև նրա շնորհիվ որոշվեց STARMUS-ը Հայաստանում անցկացնել, համահիմնադիրը պատասխանեց, որ անկախ ամեն ինչից Արմեն Սարգսյանը ներկա կլինի, եթե առողջական խնդիրներ չունենա։