Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Կինոյի տունը կդառնա փառատոնային կենտրոն (տեսանյութ)

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի, որն այս տարի կկայանա հուլիսի 10-17-ը, գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

«Քաղաքապետարանն առաջին անգամ է հովանավորում, բայց սա, ի վերջո երևանյան կինոփառատոն է և կարծում եմ, որ որ մեր մասնակցությունը շատ տրամաբանական է»,- նշեց  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ընդգծեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անսակարկելի արժեք է և այդպիսին էլ կմնա։

Ֆիլմերի ու բովանդակային առումով պահել են նշաձողը։ Կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Հայտնի հյուրերի պակաս ևս չի լինի։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրենը մասնավորապես նշեց ժյուրիի նախագահ Թերի Ջորջի անունը, ով նաև ժյուրիի նախագահն է։

«Ֆիլիպ Բոբերի անունը գուցե շատերին որևէ բան չի ասում, սակայն նա հռչակավոր պրոդյուսեր է, ով, ի դեպ կստանա փարաջանովյան թալերը»,- ասաց Կարեն Ավետիսյանը։

Բացման ֆիլմը ամերիկահայ Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն է, որ նկարահանվել է Հայաստանում։ Փակման ֆիլմը՝ Կարին Հովհաննիսյանի  «Չտեսնված հանրապետություն» ֆիլմն է արցախյան 44-օրյա պատերազմի մասին։

Կնշվեն Պազոլինիի և Անրի Ռենեի 100-ամյակները նրանց ֆիլմերի ցուցադրությամբ։ Կնշեն նաև Յուրի Երզնկյանի ու Լաերտ Վաղարշյանի հոբելյանական ամյակները։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով, այս տարի կինոցուցադրությունների ու միջոցառումների մեծ մասը կանցկացվի վերանորոգված ու տեխնիկապես վերազինված Կինոյի տանը, որն էլ կդառնա փառատոնային կենտրոն։