Ֆուտբոլի անզուգական հարձակվող Էդուարդ Մարկարովը 80 տարեկան է
Աջակցիր «Ա1+»-ին«Արարատ-73» լեգենդար թիմի լեգենդներից մեկը՝ Էդուարդ Մարգարովը, այսօր նշում է ծննդյան 80-րդ տարեդարձը:
Էդուարդ Արտեմի Մարգարովը ծնվել է 1942 թվականի հունիսի 20-ին Բաքվում: Հանդես է եկել «Տորպեդո» (Արմավիր), «Նևթչի» (Բաքու) և «Արարատ» (Երևան) թիմերում: «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, արծաթե մեդալակիր, կրկնակի գավաթակիր: Մինչ այդ նա «Նևթչիի» հետ նվաճել էր բրոնզե մեդալ: ԽՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայում խփել է 129 գոլ, որը 6-րդ արդյունքն է մրցաշարի պատմության մեջ: Նա Խորհրդային Միության առաջին ֆուտբոլիստն է, որն եվրոպական գավաթների մեկ խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:
ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է Անգլիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի:
1976թ անցել է մարզչական գործունեության: Այդ տարի նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից: 1990-ին ԽՍՀՄ պատանեկան հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե, իսկ 1991-ին` աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Էդուարդ Մարգարովի մասին շատ-շատ է գրվել, անգամ ֆիլմ է նկարահանվել, սակայն, ինչպես ասում է ասացվածքը, լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել: Մասնավորապես, «Արարատ-73»-ի խաղերից մեկում արարատցիների գրոհներից հետո մրցակցի պաշտպանը գնդակը հեռացրեց դեպի անկյունային դրոշի կողմը: Էդուարդ Մարգարովը վազեց ոչ թե գնդակի ետևից, այլ դուրս եկավ խաղադաշտի սահմաներից, կորագծով կտրեց գնդակի դեմը և առանց հապաղելու փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ: Գրոհը նոր թափ ստացավ:
Ավաղ, տարիներ անց չեմ հիշում բուն խաղը, սակայն նման որոշում կարող էր կայացնել միմիայն ֆուտբոլային բարձր մտածողություն ունեցող խաղացողը: