Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Մշակույթ

SUMMEET-ի շրջանակում կինոպար ներկայացվեց

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը ավանդաբար հանդիսատեսին է ներկայացնում կինոպարի (Screendance) ծրագիր․ այս տարի փառատոնի շրջանակում տեղի ունեցավ հանրահայտ Conny Jansen Dunst պարային ընկերության (Նիդեռլանդներ) «FRAMED» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Իսկ լուսանկարիչ, ռեժիսոր, կինոպարի ուսումնասիրող Դարյա Չերդինցևան իր «Կինոպարը դա․․․» դասախոսության ընթացքում պատմեց կինոյի և պարի սահամանգծում գտնվող այս յուրահատուկ ուղղության ակունքների, տարբեր տարիներին գրված մանիֆեստների և screendance-ի արդի հեղինակների մասին։

«Մենք տարբեր կերպ կարող ենք սահամանել՝ ինչ բան է պարը, - նշում է Դարյան։ - Մի ժամանակ պարը՝ որպես բեմական՝ գուցեև էլիտար արվեստ, ընկալվում էր որպես մի տարածություն, որտեղ մարդը որոշակի արտահայտչամիջոցների շնորհիվ որոշակի իմաստներ է հաղորդում հանդիսատեսին։ Բայց չէ՞ որ կարելի է այլ կերպ վարվել։ Իվոնա Ռայները ժամանակին հրատարակել է «ՈՉ» մանիֆեստը, որով ուշադրության կենտրոն է բերել կենցաղային շարժումները»։

Դարյա Չերդինցևան բացատրում է նաև, որ կինոպարը խորեոգրաֆիկ կատարման տեսանկարահանումը չէ, այլ կատարողի և տեսախցիկի համագործակցությունը։ «Կինոպարը սինթետիկ ուղղություն է, որը ենթադրում է շարժման ու նկարահանման տարբեր լուծումների համադրում։ Այսինքն, սա փոխադարձ գործընթաց է՝ տեսախցիկի և կատարողի համատեղ պարը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ տեսախցիկը ֆիլմում պետք է անընդհատ շարժվի։ Այն կարող է ստատիկ լինել, բայց դա միշտ շատ կարևոր որոշում է»։

Ուղղությամբ հետաքրքրվողներին բանախոսը խորհուրդ է տալիս դիտել կինոպարի հիմնադիր, ամերիկյան կինոավանգարդի վառ ներկայացուցիչ Մայա Դերենի ֆիլմերը։ Լինելով հանրահայտ Կատրին Դենեմի օգնականը, նա առաջինը բացահայտեց, որ մոնտաժի ու տեսագրման միջոցով կարող է ստեղծել մի պար, որն իրականում գոյություն չունի։ «Իսկապես, այն, ինչ մենք տեսնում ենք կինոպարում, չի կարող գոյություն ունենալ իրական աշխարհում, որովհետև այստեղ մենք ունենք մոնտաժ, շարժման արագությունը փոխելու, շարժումը կրկնելու կամ երկարացնելու, առաջ ու հետ տալու հնարավորություն»։

Ամփոփելով զրույցը՝ Դարյա Չերդինցևան կիսվեց կինոպարի նկարահանումների իր սեփական փորձով․ «Իմ ֆիլմերում ես շատ եմ աշխատում իմպրովիզի հետ, ու կինոպարի միջոցով սովորում եմ ուշադիր լինել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է այստեղ և հիմա։ Դա այնքան էլ հեշտ չէ։ Որովհետև երբ դու նկարահանման հրապարակ ես գալիս, արդեն իսկ շատ սպասելիքներ ունես։ Եվ քո ներսում եղած ձևերի հետևից վազելով՝ ամեն ինչ բաց կթողնես։ Այ այդ իրականությունը տեսնելն ու զգալը ինձ կինոպարն է սովորեցրել»։