Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0147941
A A
Սպորտ

«Փյունիկը» և «Կլուժը» չպարզեցին առաջին խաղի հաղթողին. Չեմպիոնների լիգա

Երևանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի մեկնարկային խաղում սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի արեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն թիմերից ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց ստեղծել ռեալ պահեր: Երկրորդ կեսն արդեն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, որոնք ի հաշիվ իրենց բարձրահասակ հարձակվողների մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն դրվագներից մեկում տանտերերին օգնության հասավ դարպասաձողը, իսկ մյուս պահերին վստահ խաղ ցուցադրեց «Փյունիկի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:

Զարմանալի չէ, որ խաղից հետո երկրպագուները միահամուռ վանկարկում էին` Յուրչենկո-Յուրչենկո: Իսկ ահա «Կլուժի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն մամուլի ասուլիսին դժգոհեց մարզական բախտից: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշեց, որ տվյալ պահի համար խաղի հաշիվն ինչ-որ տեղ գոհացնող է:

«Պատասխան հանդիպումը մեր համար մի քանի անգամ դժվար է լինելու: Դրա համար մենք ստիպված կլինեն փոխել մարտավարությունը: Պատրաստվում ենք այնպիսի տակտիկա կիրառել, որն անակնկալի կբերի մրցակիցն», - եզրափակեց փյունիկցիների գլխավոր մարզիչը:

Նշենք, որ «Կլուժ» - «Փյունիկ» պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, Կլուժ Նապոկա քաղաքի մարզադաշտում: