Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» խորագրով ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի կողմից մեկնարկեց։ 600 000 եվրո արժեցող ծրագիրը նախատեսում է երկու տարվա ընթացքում իրականացնել երեք ծրագիր։

Առաջինը՝ վերաբերում է մասնագետների հմտությունների զարգացմանը,  երկրորդը` Տաթևի Մեծ Անապատ վանքային համալիրի վերականգնումն է, երրորդը՝ Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության վերակազմակերպումը, արդիականացումն ու հավաքածուների բարեփոխումը:

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այս առիթով կազմակերպվել էր հանդիպում լրագրողների հետ։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ԿԳՄՍ նախարար Դումանյանի հետ ստորագրեց  ժառանգության պահպանման վերաբերյալ հուշագիր։

Տիկին դեսպանի խոսքով, այս ծրագիրը երկու կառավարությունների համար կարևոր են, քանի որ թե ֆրանսիան, թե Հայաստանը անգնահատելի ժառանգություն ունեցող երկրներ են: Նաև հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի։

Ծրագրի շրջանակում Լուվրի թանգարանի առաջին գործունեությունն է իրականացվում Հայաստանում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ընդգծեց, որ ժառանգության պահպանության նշանակությունը ավելի է կարևորվել 44-օրյա պատերազմից հետո, հայկական հուշարձանների հանդեպ ադրբեջանական կողմի ոտնձգությունների:

Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների բաժնի տնօրեն Արիան Տոման ասաց, որ իր համար մեծ պատիվ է Լուվրի անունից ներկա գտնվել Հայաստանում և ուրախ է, որ հայ մասնագետների վերապատրաստման գործում իրենց մասնակցությունն են  ունենալու: Նաև նշեց, որ Հայաստանը ևս արժեքավոր մասնագետներ ունի, որոնցից ֆրանսիական կողմը ևս սովորելու բան ունի:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը անդրադարձավ հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումներին ու ընդգծեց, որ 1983 թվականից ի վեր առանձնակի փոփոխություն թանգարանում չի եղել և ծրագրի իրականացումից հետո վերաբացված թանգարանում բոլորովին նոր ցուցադրություն կլինի։