Լիտվացի Նատաշան, մոսկվացի «սնոբ» դիզայները եւ մյուսները՝ Դիլիջանի «Wine fest»-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴիլիջանում անցկացվեց «Wine Fest» գինու փառատոնը։ Վայրը պատահական չէր ընտրված։ Աղասի Խանջյանի ամառանոցը, որի հարակից տարածքում անց էր կացվում միջոցառումը, լինելով պետական նշանակության հուշարձան, գտնվում է անմխիթար վիճակում։ Կազմակերպիչների խոսքով, սա առիթ է հուշարձանի ճանաչման ու պահպանման կարևորությունը բարձրաձայնելու համար։
Փառատոնի այցելուների մեջ քիչ չէին ռուսները, որոնցից մի քանիսի հետ միջոցառման ու տարբեր այլ հարցերի շուրջ զրուցեց «Ա1+»-ը։
Ինչ վերաբերում է փառատոնին, ապա բոլորը միակարծիք դրական արտահայտվեցին, նշելով որ հիանալի մթնոլորտ է, հիասքանչ բնություն, ջազային գեղեցիկ կատարումներ և հայկական գինիներն էլ համեղ են ու բազմերանգ։
«Այսօր աշխարհում տիրող «հեռավար» ապրելու ժամանակաշրջանը բոլորովին չի խանգարում հայերին մնալ ջերմ»– կատակում է մոսկվացի դիզայներ Ստաս Ժիցկին։ Նրա խոսքով՝ հայերը տառապյալ ազգ են ու թերևս դրանով նաև կարելի է բացատրել, որ փորձում են հասկանալ ու օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Լիտվայի քաղաքացի Նատաշան արդեն կես տարի ապրում է Դիլիջանում։ «Ապրում եմ իմ հայկական ընտանիքում, հայ ամուսնուս ու նրա ծնողների հետ։ Շատ գեղեցիկ քաղաք է, ու ես այստեղ երջանիկ եմ։ Ինչ վերաբերում է Աղասի Խանջյանի ամառանոցին, ապա ափսոսում եմ՝ տեսնելով, որ նման գեղեցիկ ու յուրօրինակ ճարտարապետական շինությունը նման վթարային վիճակում է , և որևէ վերականգնման մասին խոսք չկա»։
Մարինան ու նրա ամուսինը՝ Դիման, ևս չեն թաքցնում իրենց հիացմունքը, խոսելով Հայաստանի ու հայերի մասին, ու հպարտանում, որ արդեն հայերեն շատ բառեր են սովորել։
«Մոսկվայում շատ են հայերը և մենք հայ ընկերներ ունենք, որոնք մեզ պատմում էին երկրի ու բարքերի մասին։ Սակայն մի բան է լսելը, այլ բան՝ տեսնելը։ Այն, ինչ տեսանք մեր սպասումներից վեր էր։ Ի՞նչպես կարող է մի փոքր երկրում այսքան տարբեր լինի բնությունը։ Սարեր, ձորեր, դաշտավայրեր ու անտառներ և անգամ, հանձինս Սևանի, «ծով» ունի ձեր երկիրը։ Իսկ Դիլիջանը կարելի է համեմատել Շվեյցարիայի հետ»,– ասում է ժպտադեմ Մարինան։
Մանրամասը՝ տեսանյութում։