Պետք է աշխատենք վերացնել բոլոր թերությունները․ Հաբեթնակ Կուրղինյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր ամփոփեց Իսպանիայում անցկացված աշխարհի Մ-23 առաջնության արդյունքները։
«Երեք մեդալ ենք նվաճել, երկու ոսկե և մեկ բրոնզ։ Կարող էինք ավելին անել, սակայն զգացնել տվեց փորձի պակասությունը։ Որոշ մրցամարտերում կային տեխնիկա-տակտիկական թերություններ։ 23 տարեկանն արդեն լուրջ տարիք է ըմբշամարտիկի համար։ Եկող տարին վարկանիշային է, ուստի պետք է աշխատենք վերացնել բոլոր թերությունները», - ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։
Իսպանիայում աշխարհի չեմպիոն հռչակված Արսեն Հարությունյանը նշեց, որ իր հաղթանակը նվիրում է մարզիչներին։
«Նրանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հաջողության հասնել։ Առանց նրանց ինքներս ոչ մի բանի չէի հասնի։ Շատ շնորհակալ եմ նրանցից», - հարգալից ասաց աշխարհի կրկնակի չեմպիոնը, որն այժմ պատրաստվում է ամուսնության։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Հաբեթնակ Կուրղիյանն ասաց, որ դեկտեմբերին նախատեսված է Հայաստանի առաջնությունը, որից հետո կկազմվեն տարբեր տարիքային հավաքականները, իսկ 2023թ հունվարից կսկսեն պատրաստվել նոր մրցաշրջանին։