Քսաներեք տարի առաջ՝ այս օրը, կրակեցին մեր ժողովրդի վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1988–ին Ազատության հրապարակը եռում էր մարդկային կրքերից։ Կարեն Դեմիրճյանը հարթակ բարձրացավ ու անկեղծորեն ասաց իր կարծիքը ղարաբաղյան խնդրի մասին: Տարիներով մարդկանց անկեղծ համակրանք ու սեր վայելող առաջնորդի ու ժողովրդի միջև առաջացավ խզում: Մինչդեռ Մոսկվայում նրան մեղադրեցին ղարաբաղյան շարժումը հրահրելու և նացիոնալիզմի մեջ ու «սեփական դիմումի համաձայն» ազատեցին աշխատանքից Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ նույն օրերին: Մոսկվան հավասարության նշան էր փորձում դնել Սումգայիթ ծնած Բաքվի և խաղաղ ցույցեր կազմակերպած Երևանի միջև: Կարեն Դեմիրճյանը արժանապատվորեն հեռացավ քաղաքական ասպարեզից, իսկ տաս տարի անց ժողովուրդն իր հայացքը կրկին հառեց դեպի նա։
1999–ի մարտի 24-ին Վազգեն Սարգսյանը նամակով դիմում է Կարեն Դեմիրճյանին, հասկանալով, որ տիրող ծանր ու պատասխանատու իրավիճակում բացի նրանից որևէ քաղաքական ուժ կամ անհատ ի վիճակի չէ երկիրը դուրս բերել դժվարին կացությունից և դաշնության առաջարկ է անում համատեղ լուծելու երկրի ապագայի ապահովման հիմնախնդիրները:
«Միասնություն» դաշինքի ծրագրերը մնացին անկատար: Գոյության 212-րդ օրը՝ 1999–ի հոկտեմբերի 27-ին, «Միասնություն»-ը գլխատվեց տականքի ձեռքով:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 23 տարի, սակայն ՀՀ երկրորդ նախագահի կողմից հնչեցրած, այսպես կոչված «ուչաստկովիի» գործը այդպես էլ բացահայտված չէ։
Այսօր վկաներից շատերը չկան, մահացել են, ոմանք կասկածելի հանգամանքներում։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը, իսկ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ հայտարարեց, որ նոր գլխավոր դատախազին խնդրում է հետևողական լինել և, եթե անցած 23 տարիների ընթացքում խանգարող հանգամանքները թույլ չեն տվել այս գործը բացահայտել, ապա այժմ կան հեռանկարներ ու նույնիսկ այս պահին կա հնարավորություն հոկտեմբերի 27-ի դեպքերի ամբողջական բացահայտման համար։
Թե որքանով ՔՊ–ական պատգամավորի խոսքը կիրականանան, ինչպես ասում են կապրենք, կտեսնենք։
Իսկ հոկտեմբերի 27-ին գլխատվեց ոչ թե «Միասնություն» դաշինքը, այլ ազգի վերածննդի հնարավորությունը։ Հոկտեմբերի 27-ին կրակեցին մեր ժողովրդի վրա ու ոչնչացրեցին մարդկանց հույսը վաղվա օրվա հանդեպ։