Վարչապետի ելույթը Հայվրացական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵլույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում կրկին ողջունում եմ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Կասկածից վեր է, որ ընդհանուր արժեքների, քաղաքակրթական ու պատմական ընդհանրությունների վրա խարսխված հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը մեր ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն է ու ապագայի հուսալի գրավականը, իսկ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններից է: 2022 թվականը կարելի է անվանել նախորդ շրջանի դժվարությունների և հետևանքների հաղթահարման տարի: Ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ հետևողական ջանքերի իրականացման շնորհիվ կարողացանք արձանագրել տնտեսական աճ և բազմաթիվ ոլորտներում մեր տնտեսությունները վերադարձել են բնականոն մակարդակի։ Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր միջկառավարական հարաբերությունները գտնվում են որակապես նոր փուլում և դինամիկ զարգացում են արձանագրում ամենատարբեր ոլորտներում։ Խոսքերիս վառ վկայությունն են Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պարբերական պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալ երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Այդ ակտիվությունը պահպանվում է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, որտեղ ամենատարբեր մակարդակներով տեղի են ունենում երկկողմ ակտիվ շփումներ։ Այդուհանդերձ, մեր տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ հստակ ընկալում՝ բացահայտելու դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործելու դրանից բխող հնարավորությունները: Այդ առումով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրեթե բոլոր երկրներում տնտեսություններն էապես բացասական ազդեցություններ կրեցին, որից անմասն չմնացին մեր երկրները, ինչի հետևանքով 2020 և 2021 թվականներին 2019 թվականի համեմատ որոշակիորեն նվազեցին փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Սակայն 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը, ՀՀ վիճակագրության հաշվարկներով, 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար։ Այստեղ Վրաստանի վիճակագրությունն ավելի բարձր ցուցանիշ է հրապարակում՝ 1 մլրդ, և ես համոզված եմ, որ դուք ավելի ճիշտ եք հաշվել, քան մենք: Շատ կարևոր է, որ մենք թվերը համեմատենք ոչ թե 2020, 2021 թվականի, այլ 2019-ի հետ, որտեղ ցուցանիշները եղել են շատ բարձր և ռեկորդային: Այս առումով՝ 2019թ. հունվար-նոյեմբերին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 481.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57.6%: Կարծում եմ, որ այս ցուցանիշը, հայտնի պատճառներով, ավելի կարևոր է, որովհետև մեզ համար էլ, ձեզ համար էլ 2019 թվականը եղել է շատ հաջող տարի՝ նախորդ տարիներից թերևս ամենահաջողվածը: Եթե համեմատելու լինենք 2022թ. 11 ամիսների ցուցանիշները 2019թ. տարեկան ցուցանիշների (554.7 մլն) հետ, ապա նույնիսկ այս պարագայում 2022թ. 11 ամիսներին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019թ. համեմատ աճել է 36.9%-ով: Այսինքն՝ 11 ամիսն արդեն 2019-ի ամբողջ ծավալը գերազանցել է, ինչի կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել: Սա նշանակում է, որ այն, ինչ մենք խոսում ենք, պայմանավորվում ենք, նաև գործարար աշխարհն այդ ուղերձն ընկալում է, նաև մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգանան: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս արտաքին առևտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ մեր երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության զարգացման։ Կցանկանայի գոհունակությամբ նշել մեր երկրներում տնտեսական աճի բարձր ցուցանիշների արձանագրումը: Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Կարծում եմ՝ նաև մեր փոխգործակցությունը և լավ հարաբերությունները շատ կարևոր դեր են ունեցել դրանում: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%։