Բացել լրահոսը Փակել լրահոսը
326696863_635188795075130_4432258119576807375_n
A A
Հասարակություն

Զգուշացնում եմ վաղ թե ուշ լինելիք աղետի մասին․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ահազանգել է վերահաս աղետի մասին, որը պայմանավորված է գրունտային աղաբանոցի ձևավորման հետ, ինչը կարող է փակել Հրազդան գետի հունը։ Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես ուզում եմ զգուշացնել վաղ թե ուշ կատարվելիք մի աղետի մասին, որ երբ այն տեղի ունենա` ոչ ոք չասի թե չգիտեր դրա վերահաս վտանգի մասին։ Շինարարական բումը ուղեկցվում է աննորմալ քանակի գրունտի դուրսբերմամբ ու ոչ ոք չի հետաքրքրվում թե այդքան գրունտը ուր է տեղափոխվում։ Իսկ տեղափոխվում է այն ապօրինի ձևավորված աղբանոցներ։ Այսպիսի մի աղբանոց է Զովունու էլեկտրաենթակայանի տակ` Հրազդանի կիրճի աղբանոցը, որը ըստ արբանյակային պատկերների վերջին 5 տարում մեծացել է մոտ չորս անգամ։

Գրունտի լեզվակը արդեն հասել է գետափին, իսկ դա պիտի նորմալ երկրում արտակարգ իրավիճակ համարվեր։ Ինչպե՞ս է գալու աղետը։ Մի տարի` էս, մյուս կամ հինգ տարի հետոյի գարնանը վարար անձրևներից կխախտվի Քանաքեռավանից ներքև առկա սողանքը։ Այն կփակի Հրազդանի հունը ու մի քանի ժամվա մեջ կկուտակի մի քանի հարյուր հազար խորանարդ մետր ջուր` ստեղծելով տարերային ջրամբար, որը չունի ոչ մի ջրթող կառույց։ Երբ ջրամբարը լցվի ու ջուրը անցնի պատվարի վրայով` կսկսվի պատվարի արագ փլուզումը։

Պատվարի փլուզումից գետի մեջ կմտնի վայրկյանում մի քանի հարյուր խորանարդ մետր ջուր, որը գետի մակարդակը կբարձրացնի մոտ 5 մետրով։ Այդ ահռելի հեղեղը հասնելով շինարարական աղբի սարին կլվանա դրա հիմքը, իսկ մնացած ողջ զանգվածը մի քանի վայրկյանում կփլվի գետի մեջ։ Դա կձևավորի նոր պատվար, որից կառաջանա նոր ջրամբար, որը կբերի նոր հեղեղումներ։

Սրա վերջնարդյունքում մենք լավագույն դեպքում կկորցնենք Հրազդանի կիրճում առկա բոլոր ենթակառուցվածքները` ներառյալ Արմավիրի ջրանցքը, Երևան ՀԷԿ-ը, Ստորին Հրազդան ջրանցքը, ռեստորաններ ու ճանապարհներ, Երևանյան Լիճը։

Վատագույն դեպքում դոմինոն կշարունակվի նաև Երևանյան լճից հետո` սրփելով Գեղանիստից հետո սկսվող հարթավայրային բնակավայրերը` առաջացնելով մարդկային ու նյութական ահռելի կորուստներ։

Միայն 2022թ. օգոստոսի 8-ի այս նկարում միաժամանակ 6 տեխնիկա է կանգնած այդ աղբանոցում ու երևի ողջ ժամանակի կտրվածքով մասշտաբները կարող եք պատկերացնել։ Դուք հո գիտե՞ք, որ մի օր դա լինելու է։ Դուք հո գիտե՞ք, որ ֆիզիկան գիր ու ղուշով չի աշխատում։ Էն ժամանակ ո՞ր կորպուսի հրամանատարին եք հանելու, երբ ձեր աչքի առաջ բացահայտորեն արդեն մոտ հինգ տարի աղետի հիմքեր են դրվում»։