Բացել լրահոսը Փակել լրահոսը
777
A A
Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարն ու ԱՀԿ գլխավոր տնօրենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:

 

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը.

  • առաքելություն` տեղում իրավիճակը գնահատելու,
  • անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,
  • ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:

Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաէներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են:

Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:

Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:

Նախարարը շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ-ի կողմից նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում: