Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ նկարչուհու ցուցահանդեսը` ՄԱԿ-ում

Մշակույթ
6b84a8662c8df03ffea48154a697f57c

Այս տարի լրացավ կանանց միջազգային օրվա 100 ամյակը:
Տոնի առթիվ Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր շենքի պատվիրակների նախասրահում բացվեց նյույորքաբնակ, ծնունդով գյումրեցի, շնորհաշատ գեղանկարչուհի Էմմա Գրիգորյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը`»Կանայք եւ գարունը» թեմայով:

Ցուցահանդեսը բացեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը: Նա ներկայացրեց Էմմա Գրիգորյանին` բարձր գնահատելով նրա կատարած աշխատանքները:

Շնորհավորելով նկարչուհուն` դեսպանը շնորհավորեց նաեւ բոլոր կանանց Մարտի 8-ը:

Ցուցադրությանը ներկայացված էր 35-ից ավելի աշխատանքներ, որոնց մեծ մասը` մայրական թեմայով: Նրբաճաշակ նկարչուհու գործերը աչքի էին ընկնում կոմպոզիցիայի հստակությամբ, գույների վառ եւ գեղեցիկ համադրությամբ:

Էմմա Գրիգորյանը բազմաթիվ այլ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Փարիզում, Բեռլինում, Բոստոնում, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում:

Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք

Լուսանկարները` հեղինակի