Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Քննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը:

Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի` հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ:

«Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) եւ 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (երկու դրվագ), ինչպես նաեւ՝ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաեւ, որ Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միեւնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել:

«Հիմք ընդունելով Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին ԱԺ դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով՝ միջնորդում եմ տալ համաձայնություն ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- հայտնել է զեկուցողը:

ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է զորամասի սեփականաշնորհման, ապա՝ գրավադրման գործընթացով: «Կա՞ բացատրություն, թե ինչ նպատակով է զորամասի տարածքը հանձնվել երրորդ անձի, ապա՝ գրավադրել բանկում: Որեւէ բացատրություն՝ պետական շահի համար կամ գումարն այլ տեղ ուղարկելու, որեւէ բացատրություն եղե՞լ է»,- հարցրել է խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով երրորդ անձի անունով գրանցելն ի սկզբանե իրական գնորդին թաքցնելու նպատակ է ունեցել: Նա ընդգծել է, որ պետական շահի տեսանկյունից որեւէ բացատրություն չի հնչել, բացատրությունները եղել են անորոշ, ինչպես տվյալ իրավիճակում կարող էր ակնկալվել:

Ալեն Սիմոնյանը հավելել է. «Ժողովրդական լեզվով ասած` զորամասը վերածել են գումարի, եւ բացատրություն չկա, թե դա ինչի համար է արվել»: Գլխավոր դատախազը եւս մեկ անգամ ընդգծել է` պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել հողերի օտարման գործընթացի մանրամասներին, Սեյրան Օհանյանի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառման հնարավորությանը, գործարքին մասնակից անձանց ներգրավվածությանը գործին, քննության ժամկետներին, դրա ձգձգման հետեւանքներին, փոխկապակցված անձանց շրջանակին եւ այլն:

Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով տվյալ տարածքները չօտարելու ուղիղ պահանջ կա: Նա նշել է, որ անձի դատավարական իրավունքն է ցանկացած պահին նշելու, որ համաձայն է վաղեմության հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը եւ հավելել, որ այս դեպքում այդ հանգամանքը, փաստն ազատ ենք օգտագործելու արդեն քրեական վարույթի շրջանակում:

«Մենք միայն քրեական վարույթով չենք սահմանափակվում, եւ նման դեպքերում, երբ կա 60-րդ հոդվածի սահմանափակմամբ կատարված չարաշահում, նաեւ զուգահեռ պետական շահի պաշտպանության հայց է ներկայացվում դատարան, այսինքն՝ նպատակը ոչ միայն պատիժն է, այլ նաեւ պետության եւ ազգային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդությունը քննարկվել է դռնփակ:

ՀՀ ԱԺ լրատվական ծառայություն