Կրքոտ պար` աթոռի վրա (տեսանյութ)
"Արամ Խաչատրյան" համերգասրահում տեղի ունեցավ համերգ նվիրված "նոր տանգոյի" հիմնադիր, աշխարհահռչակ Աստոր Պիացոլայի 90-ամյա հոբելյանին:
Պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով ելույթ ունեցան իտալացի հայտնի երաժիշտներ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Ռոբերտո Մոլինելլին:
Նինո Ռոտայի, Էնիո Մորիկոնեի իտալական զգացմունքային մեղեդիներն ու Աստոր Պիացոլայի կրքոտ, փոթորկահույզ տանգոն Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի կատարմամբ բեմադրական մի պար էր աթոռի վրա:
Դահլիճը լարված հետևում էր թե ակորդեոնիստ և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանոյի, թե դիրիժոր Ռոբերտո Մոլինելլիի ղեկավարած խոսուն երաժշտությանն ու անխոս ընդունում, որ, երաժշտական հնչյունների ներկապնակն ի զորու է այնտեղ, ուր անզոր է Պոետի խոսքը:
Համերգին կայացան նաև Ռոբերտո Մոլինելլիի և Անտոնելլա Բարբարոսսայի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները:
Սա Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հայաստանյան չորրորդ այցն է: Դիրիժոր և կոմպոզիտոր Ռոբերտո Մոլինելլիի համար էլ առաջինը չէր: Նրանք հիացմունքով էին խոսում թե երևանյան ունկնդրի, թե նվագախմբի երիտասարդ երաժիշտների մասին:
Այս համերգը Պետական երիտասարդական նվագախմբի երկրորդ մեծ նվերն էր հայ երաժշտասերներին: Հիշեցնենք, որ վերջերս նվագախմբի հրավերով Երևանում էր հանրաճանաչ երաժիշտ Մաքսիմ Վենգերովը:
Անակնկալներն առջևում են: Համերգաշրջանի ընթացքում Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խոստանում է համաշխարհային հայտնի երաժիշտների համերգային ելույթներ ու նոր փառատոններ:
2010-ին երիտասարդական նվագախումբը կազմակերպեց «Սարյան ՖԵՍՏ»-ը` նվիրված կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90 ամյակին: Այս տարի սպասվում են փառատոններ նվիրված Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյաններին: