Հայերը` սպանված աղավնիներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին13-ամյա Միքայել Հարությունյանը նկարել սովորել է ինքնուրույն: Չի հաճախել որևէ նկարչական խմբակ կամ դպրոց: Արդեն տասը տարեկանից իր մտքերը հանձնել է կտավին յուղաներկով: Նրա համար չնայած կտավի վրա նկարելը բարդ է, բայց շատ ավելի հաճելի:
«Միշտ իմ ցուցահանդեսներին եկել են տարբեր նկարիչներ և ինձ խորհուրդներ են տվել, ես էլ միշտ հետևում եմ դրանց: Ես ինքս եմ սովորել խառնել գույները իրար և նոր գույն ստանալ»,-ասում է Միքայելը:
Փոքրիկ նկարիչը ստեղծագործում է տարբեր թեմաներով և տարբեր ժանրերում: Նկարներից շատերը հոգևոր-կրոնական թեմաներով են: Իրենց ուրույն տեղն ունեն նաև հայրենի բնությունը, գյուղական համայնքները պատկերող նկարները, ինչպես նաև դիմանկարները: Միքայելի դիմանկարների շարքում կարելի է տեսնել նաև մեծ վարպետներ Այվազովսկու և Սարյանի դիմանկարները:
Նա իր գրեթե բոլոր ստեղծագործություններում ամփոփում է հավերժության գաղափարը: Նույն իմաստն է կրում նաեւ հայոց ցեղասպանությանը նվիրված կտավը:
«Հայոց ցեղասպանությանը նվիրված նկարում հայերին պատկերել եմ սպանված աղավնիների տեսքով, իսկ թուրքերին` աղավնիներին հոշոտող ագռավների: Իսկ պատկերված նուռը հայ ազգի հավերժության սիմվոլն է: Ցանկացել եմ ասել, որ հայերը հավերժ լինելու են»,-ասաց Միքայելը:
Փոքրիկ նկարիչը պատրաստվում է իր անհատական առաջիկա ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու «Առնո Բաբաջանյան»-ի անվան համերգասրահում:
Միքայելի խոսքով` ցանկացած նկար նախ պատկերվում է իր երևակայության մեջ, այնուհետև հանձնվում թղթին և միայն դրանից հետո կտավին: Ստեղծագործելով տարբեր ոճերում` Միքայելը փորձում է գտնել իրենը և իր հետքը թողնել նկարչական արվեստում: