Հայաստանի պետական կամերային նվագախումբը 60 տարեկան է
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 2-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկազմակերպվի գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակին։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Ծրագրում կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի, Կոմիտաս/Զ. Սահակյանցի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Վ.Ա.Մոցարտի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները։
Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Նշենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թ. ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության` Զարեհ Սահակյանցը կարողացավ իր շուրջ համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների և կարճ ժամանակում նվագախումբը ձեռք բերել մեծ համբավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Զարեհ Սահակյանցը թողել է կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներ, որոնք ժառանգել և շենացրել են նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը (1975 թ.-ից), Ռուբեն Ահարոնյանը (1982 թ.-ից):
1997 թ. նվագախումբը միավորվեց Զավեն Վարդանյանի ղեկավարած Երևանի կամերային նվագախմբի հետ (գործել է 1979 թ.-ից): Արդյունքում կազմավորվեց ներկայիս ՀՊԿՆ-ը, որի ղեկավարությունը ստանձնեց ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: 2011 թ.-ից ցայսօր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:
Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման և արմատավորման գործում: