Նա ոչ թե վաստակում է ընտրությունների հաղթանակը՝ ձայները շահելով, այլ պաշտոնի համար պարտական է լինում միայն Փաշինյանին․ Հայկ Գրիգորյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային առաջընթաց» կուսակցություն անդամները տարբեր երկրների քաղաքային իշխանությունների հետ համատեղ մշակել են Երևանի հակաճգնաժամային ծրագիր ։
«Մենք հրավիրում ենք մեր բոլոր հայրենակիցներին միանալու և օգնելու մեզ, որ օգնենք Երևանին։ Բոլոր ոլորտների բանիմաց մասնագետները, ովքեր սրտացավ են Երևանի խնդիրների լուծման հարցում, կարող են միանալ մեր թիմին, առանց մեր կուսակցությանը անդամագրվելու։ Եղեք մեր մասնագիտական թիմի անդամ, ընդգրկվեք ավագանու մեր ցուցակում, եկեք միասին կարգ ու կանոն հաստատենք Երևանում։ Մեզ համար առաջնայինը պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունն է, ոչ թե կուսակցամոլությունը և թայֆայաբազությունը։ Ահա սա է այն հիմնական տարբերակող մոտեցումը, որ առանձնացնում է մեզ, մյուս թիմերից», - ասում է Երևանի «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը, որն հայտարարել է երևանյան ընտրություններին առաջադրվելու մասին։
Պարոն Գրիգորյան, չնայած երկրում և նրա շուրջ տիրող բարդ ու փոփոխվող իրավիճակին, իշխանությունները այդուհանդերձ կուլուարներում քննարկում են Երևանի ավագանու ընտրությունները արտահերթ կարգով անցկացնելու հարցը, Դուք որպես քաղաքապետի թեկնածու, ինչպե՞ս եք գնահատում այդ։
Այս իշխանությունները արդեն վաղուց ցույց են տվել իրենց գործելաոճը, այն է՝ չհանդուրժել այլակարծություն, ունենալ նշանակովի քաղաքապետ, դրա համար նրանք հեռացրեցին նախկին քաղաքապետին, հետո փոխքաղաքապետ բերեցին այն մարդուն, ով առանց վարկանիշ ունենալու պետք է դառնա քաղաքապետ, նրանք դրանով վերացրեցին քաղաքապետի ընտրովի պաշտոնը։ Ինչո՞ւ վերացրեցին։ Քանի որ երբ նշանակվում է փոխքաղաքապետ, որը սկսում է քաղաքապետարանի ողջ աշխատանքը վերագրել իրեն ու ամեն պատեհ ու անպատեհ առիթով երևալ ամեն միջոցառմանը, հանրային միջոցներով իրականացնում է իր քարոզարշավը, նա անհավասար պայմաններ է ստեղծում բոլոր մյուս մասնակիցների համար։ Այսինքն նա ոչ թե վաստակում է ընտրությունների հաղթանակը՝ երևանցիների ձայները շահելով, այլ իր պաշտոնի համար պարտական է լինում միայն Նիկոլ Փաշինյանին, ով իրեն «նշանակել է» որպես փոխքաղաքապետ։ Նույն գործելաոճն է, ինչ ՀՀԿ ու Սերժ Սարգսյանի ժամանակ։
Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների շտապողականությունը։
Շտապողականությունը կարող է ունենալ մի քանի պատճառ։ Նախ՝ Ավինյանը մնացել է առանց աշխատանքի։ Նրան պետք է ապահովել աշխատանքով։ Երկրորդ՝ իշխանության վարկանիշը շատ անկայուն է, ուստի որքան արագ տվյալ անձը բազմի քաղաքապետի աթոռին, այդքան ավելի ապահով։
Երրորդ՝ գալիք խորհրդարանական ընտրությունների համար շատ վճռորոշ են Երևանի ձայները, ուստի Երևանի քաղաքապետարանը պետք է արագորեն կուսակցականացնել ու ծառայեցնել այդ նպատակին։ Պատահական չէ, որ լուրեր են պտտվում «հին» ՀՀԿ-ական թաղային հեղինակությունների կողմից ՔՊ-ի օգտին տարվող աշխատանքի մասին։
Եթե իրոք որոշվի անակնկալ ձևով ընտրությունները արտահերթ անցկացնել, Դուք անձամբ դրան պատրա՞ստ եք։
Մենք, բնականաբար, փորձելու ենք պատրաստ լինել տվյալ իրավիճակին, բայց կարող եմ ասել, որ արտահերթ ընտրությունները առավել քիչ նախընտրելի են ինձ համար, քան հերթականը, քանի որ ժամանակային լուրջ սահմանափակումներ են մտցնում իմ նախընտրական քարոզարշավի մեջ։
Չե՞ք կարծում, որ դա կբերի ընտրությունների ծայրահեղ բևեռվածության, քանզի արտահերթ ընտրություններին պատրաստ կլինեն միայն իշխանությունները և խոշոր ընդդիմադիր ուժերը։
Բնականաբար, հապճեպ ընտրություններ կազմակերպելը միշտ ձեռնտու է իշխող ուժին, և իհարկե նպաստելու է բևեռացված ընտրական գործընթացին։ Բայց ունենք այն, ինչ ունեինք ՀՀԿ-ի օրոք։ Որևէ բանով այս իշխանությունը չի տարբերվում նախորդից իր որդեգրած գործելաոճով։
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ կարող եք որևէ կանխատեսում անել երևանյան ընտրությունների վերաբերյալ, արդյո՞ք հիմնական պայքարը կծավալվի իշխանական և դաշտում արդեն հայտնի ընդդիմադիր թեկնածուների միջև, թե՞ այդուհանդերձ նոր ու թարմ ուժերին կհաջողվի իրենց խոսքը ասել։
Կարծում եմ, այս անգամ նոր ուժի հայտնվելու հավանականությունը շատ մեծ է, և մենք՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և անձամբ ես ամեն ինչ անելու ենք այդ նոր ուժի բարի համբավը վաստակելու համար։ Դա անելու ենք թե մեր ծրագրով, թե մեր ավագանու ցուցակի անդամներով և թե ընտրական պայքարի նոր մեթոդներ կիառելով։
Որպես օրինակ նշեմ հետևյալը՝ մեր թիմի անդամները տարբեր երկրների տարբեր քաղաքներում արդեն իսկ սկսել են կանոնավոր հանդիպումներ տվյալ քաղաքների պաշտոնյաների հետ, որի արդյունքում մշակել ենք Երևանին հուզող ամենակարևոր խնդիրների լուծման ծրագիր, որը ներառում է թե հանրային տրանսպորտի, թե երթևեկության, թե կայանատեղիների և շատ ու շատ այլ խնդիրների լուծում՝ հիմնված առաջատար երկրների փորձի վրա։ Մշակել ենք նաև քաղաքաշինական նոր քաղաքականության։
Մենք հայտարարում ենք և պնդում, որ Երևանի քաղաքապետարանը և ցանկացած տեղական ինքնակառավարման մարմին պետք է լինի ապակուսակցական և պրոֆեսիոնալ։ Մենք հրավիրում ենք մեր բոլոր հայրենակիցներին միանալու և օգնելու մեզ, որ օգնենք Երևանին։ Հատկապես դիմում եմ ճարտարապետներին, տրանսպորտի ոլորտի մասնագետներին, և այլ ոլորտային մասնագետներին, հատկապես նրանց՝ ովքեր կրթություն են ստացել արտասահմանում, եթե նույնիսկ չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի, բայց վերջին մեկ տարում բնակվում են Երևանում, կարող եք միանալ մեր թիմին, առանց մեր կուսակցությանը անդամագրվելու, եղեք մեր մասնագիտական թիմի անդամ, ընդգրկվեք ավագանու մեր ցուցակում, եկեք միասին կարգ ու կանոն հաստատենք Երևանում։ Մեզ համար առաջնայինը պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունն է, ոչ թե կուսակցամոլությունը և թայֆայաբազությունը։ Ահա սա է այն հիմնական տարբերակող մոտեցումը, որ առանձնացնում է մեզ, մյուս թիմերից։
Որո՞նք են այն նախադրյալները, որոնք կարող են ապահովել քաղաքական դաշտի առողջացումը և նոր և թարմ ուժերի հաջողությունը։
Տեսական իմաստով, մեզ անհրաժեշտ է ընտրական նոր օրենսգիրք ու կուսակցությունների մասին նոր օրենք, ինչպես նաև նոր Սահմանադրություն։ Բայց ամենակարևորը՝ մեզ անհրաժեշտ է քաղաքական կամք ունեցող, մասնագիտական կյանքի ճանապարհ անցած անձանցից բաղկացած հայրենասեր, ազգային կառավարություն, որը կարող է ապահովել ազգային առաջընթաց։
Մենք համոզված ենք, որ մեր ազգանվեր աշխատանքի արդյունքում և պատրաստ ենք դա ապացուցել, եթե իհարկե երևանցիները մեզ վստահեն։