Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureզ
A A
Հասարակություն

Քաղաքական որոշում է կայացվել․ Անի Խաչատրյանը՝ քաղաքապետի հրաժարականի մասին

Երևանի քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։   Ա1+ը զրուցել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ։

 

Տիկին Խաչատրյան,  քաղաքապետի հրաժարականի համար լուրջ հիմքեր չկային, ըստ Ձեզ, ո՞րն էր իրական պատճառը։

-Քաղաքական որոշում է կայացվել։ Այլ հիմք դժվար է ասել։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն լուրերին, թե Հրաչյա Սարգսյանը խանգարում էր Տիգրան Ավինյանի վարկանիշին և դա է հրաժարականի պատճառը։

-Այն, որ Հրաչյա Սարգսյանի ռեյտինգը աճում էր, դա անհերքելի է, իսկ Ավինյանին խանգարում էր, թէ ոչ՝  ինքը կարող է դա ասել։

Ինչպե՞ս եք գնահատում Հրաչյա Սարգսյանի կատարած աշխատանքը։

-Հրաչյա Սարգսյանը աշխատանք կատարում է համարյա 5 տարի, սկզբում փոխքաղաքապետ, հետո արդեն քաղաքապետ։  Ես աշխատել եմ 3 քաղաքապետի հետ, Հրաչյա Սարգսյանի հրաժարականի տեքստը լսելիս անկեղծ հուզվեցի։ Չնայած մեր շատ անհամաձայնությունների, երբեմն բուռն, բայց չեմ կարող չասել, որ Սարգսյանը իմ հանդիպած քաղաքապետերից լավագույնն էր։

Ինչպե՞ս եք գնահատում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը և գործունեությունը փոխքաղաքապետի պաշտոնում։

-Ավինյանի հետ մի թիմում ենք եղել ավագանու «Ելք» խմբակցությունում։ Քաղաքական հարթությունից այն կողմ ես տարբեր կուսակցություններից ընկերներ ունեմ, որոնցից է նաև Ավինյանը։ Փոխքաղաքպետ Ավինյանի գործունեությունը դեռ նոր է, գնահատական տալու համար դեռ ժամանակ է պետք։

Քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին շատ է խոսվում, որքանո՞վ եք հավանական համարում և ե՞րբ կարող է այն լինել։

-30-րդ օրվանից սկսած մինչև հերթականի օրենքով սահմանված օրը կարող են ընտրության օր նշանակել։ Հիմա չեմ կարող ասել, թե իշխանությունը վաղը քնից արթնանա ինչ կորոշի, իրենց որոշումները անկանխատեսելի են։ Հրաչյա Սարգսյանի հրաժարականը դրա վառ օրինակն է։

Գիտենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։  Հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ «Հանրապետություն» կուսակցությունը արդյո՞ք հանդես կգա իր թեկնածուով։

-Միանշանակ։ Լավագույն թեկնածուով։