Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro-2024
A A
Սպորտ

Խորվաթիան հաղթեց Թուրքիային, իսկ Շոտլանդիան՝ Իսպանիային. Եվրո-2024

Ֆուտբոլի 2024թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կայացան 2-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարը երկուական հաղթանակով մեկնարկեցին միանգամից 9 հավաքականներ:

Այս տուրում ամենամեծ անակնկալը մատուցեց Շոտլանդիայի ընտրանին, որը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Իսպանիային: Այդպիսով ընդհատվեց իսպանացիների 19 խաղից բաղկացած անպարտելիության շարքը: Շոտլանդացիները վաստակեցին 6 միավոր և այժմ գլխավորում են A խումբը:

Հաջորդ՝ B խմբում, 100 տոկոսանոց արդյունք ունի Ֆրանսիայի հավաքականը, որը նախ ջախջախել է Նիդեռլանդներին (4:0), ապա նվազագույն հաշվով հաղթել Իռլանդիային:

C խմբի միանձնյա առաջատարը Անգլիան է, որն ընթացիկ տուրում սեփական դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Ուկրաինային և տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:

D խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը, բոլոր թիմերն արդեն միավորներ են կորցրել: Առաջին տուրում հաղթանակ տոնած Թուրքիայի ընտրանին սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց Խորվաթիային: Լատվիայի ազգային թիմն իր անդրանիկ խաղում զիջեց Ուելսին՝ 0:1: Այդպիսով, երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Խորվաթիայի և Ուելսի հավաքականները: Թուրքիան ունի 3 միավոր, իսկ ահա Հայաստանն ու Լատվիան, որոնք անցկացրել են մեկական հանդիպում, դեռ միավոր չեն վաստակել:

E խմբում նույնպես չկա ընդգծված առաջատար: Չեխիայի հավաքականն անսպասելի ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ՝ 0:0, և կորցրեց առաջին երկու միավորները: Նրան հաջորդում է Լեհաստանը, որը սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց Ալբանիային և վաստակեց առաջին երեք միավորը:

F խմբում առատարը Ավստրիայի հավաքականն է, որը սեփական դաշտում հաղթել է և Ադրբեջանին (4:1), և Էստոնիային (2:1): Բելգիան նույնպես 100 տոկոսանոց արդյունք ունի, սակայն անցկացրել է մեկ հանդիպում:

G խմբի առաջատարը Սերբիան է, որը միևնույն 2:0 հաշվով հաղթել է Լիտվային ու Չեռնոգորիային: Նրան հաջորդող Հունգարիան ունի 3 միավոր, բայց մեկ խաղից հետո:

H խմբում երկու խաղից հետո 6 միավոր ունի միայն Սլովենիան: Դանիան, Ղազախստանը, Ֆինլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան տարել են մեկական հաղթանակ և վաստակել են 3-ական միավոր:

I խմբում մրցաշարային աղյուսակը միանգամից գլխավորում են երկու հավաքականներ՝ Շվեյցարիան ու Ռումինիան, որոնք մեկնարկում տարել են երկուական հաղթանակ: Մնացած 4 թիմերը՝ Կոսովոն, Անդորան, Իսրայելը և Բելառուսը, դեռ չեն ճաշակել հաղթանակի հաճույքը:

J խմբի միանձնյա առաջատարը Պորտուգալիան էր, որը մեկնարկում ջախջախել է Լիխտենշտայնին (4:0) ու Լյուքսեմբուրգին (6:0): Պորտուգալացիների հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն աչքի է ընկել չորս անգամ և հավաքականում խփած իր գոլերի քանակը հասցրել է 122-ի:

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրը կկայանա հունիսի 16-ին և 17-ին: